‘
Ստամբուլում մայիսմեկյան շքերթի ժամանակ տեղի ունեցած ընդհարումից հետո ոստիկանությունը ձերբակալել է 140 մարդու: Ակտիվիստների խոսքով՝ ձերբակալվածների թիվը կրկնակի ավելի է:
Ցուցարարներից ոմանք քարեր ու բոցավառվող նյութեր են նետել Թաքսիմ հրապարակում, որտեղ ավանդաբար հավաքվում են ձախ հայացքներ ունեցողները: Ոստիկանությունը ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ է կիրառել: Բախման արդյունքում տուժել է 24 մարդ, այդ թվում՝ վեց ոստիկան: Անվտանգության նկատառումներով՝ Ստամբուլի մի շարք շրջաններում դադարեցվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը;
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ընդդիմախոսները նրան բազմիցս մեղադրել են հունիսին նախատեսված ընտրությունների նախօրեին ընդդիմությանը ճնշելու կոշտ միջոցներ կիրառելու մեջ:
Մայիսմեկյան երթը բողոքի առաջին մեծ ակցիան էր այն բանից հետո, երբ ապրիլին թուրքական խորհրդարանը հավանության արժանացրեց ոստիկանների լիազորությունները ընդլայնելու մասին օրենքը: Նոր օրենքի համաձայն՝ իրավապահ մարմիններն իրավունք ունեն կանգնեցնել, խուզարկել և ձերբակալել ցուցարարներին: Փոխանցում է BBC-ն:
‘