‘Մայմունապետ’

2377

Երեկ կայքերից մեկը տպագրել էր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստեր ծննդյան լուսանկարները, որտեղ պատկերված էր, թե հարկատուների հաշվին ապրող մեր «անկաշառ» ոստիկանապետն ինչպիսի բազմահազարանոց ծախսեր է անում իր դստերը ուրախացնելու համար:

Ցանկացած ծնող էլ ամեն ինչ կանի, որպեսզի իր երեխաները երջանիկ լինեն, սակայն ոչ բոլոր ծնողներն իրենց երեխաների երջանկությունը կկառուցեն այլ երեխաների դժբախտության գնով: Վերոնշյալ նկարների տակ, սոցցանցերում քննարկումներ էին ծավալվել, և մեկնաբանողների հիմնական մասը գրել էր, թե ինչպես կարելի է Հայաստանի պես «սոված» երկրում նման ճոխություններ թույլ տալ՝ այն դեպքում, երբ ազգաբնակչության երեսուն տոկոսը պաշտոնապես աղքատ է համարվում, իսկ ոչ պաշտոնապես ազգաբնակչության կեսից ավելին ծայրահեղ աղքատության վիճակում է գտնվում, և այդպիսի տարեդարձ կազմակերպելու փոխարեն` Վլադիմիր Գասպարյանը կարող էր մեկ ամիս սահմանամերձ գյուղերի բոլոր երեխաներին կերակրել:

Սակայն, ես այդ տեսանկյունից չեմ նայում խնդրին. եթե Վլադիմիր Գասպարյանը բիզնեսմեն լիներ, ի՛նքը կարող էր որոշել, թե իր արդար վաստակած գումարը որտեղ ծախսի, բայց երբ պետական պաշտոնյան է նման շռայլություններ թույլ տալիս, հասարակության զայրույթը լիովին արդարացված է: Չնայած ի՞նչ կարելի է ակնկալել մի ոստիկանապետից, որն իր միակ գործառույթն է համարում հանցագործություններ կոծկելը, լրատվական դաշտի վերահսկողությունն ու ապակատեղեկատվության տարածումը` տարատեսակ մենուաների ու բաբաջանյանների միջոցով:

Վլադիմիր Գասպարյանը շատ է խոսում ոստիկանության բարեփոխումների մասին, և այդ «բարեփոխումները» հասել են այնտեղ, որ Երևանի ոստիկանապետի տեղակալ Վալերի Օսիպյանի եղբորորդին մարդ է դանակահարում, ու մինչ այժմ կեսքայլ չի ձեռնարկվել նրան օրենքով պատժելու ուղղությամբ: Այս ամենը որևէ առնչություն չէր ունենա Օսիպյանի հետ, քանի որ ամեն մարդ օրենքով միայն ինքն իր համար է պատասխանատու, եթե այս նույն Երևանի փոխոստիկանապետը չփորձեր վկաներին կաշառել, և դրա մասին վկաները հրապարակայնորեն չարտահայտվեին «Ազատություն» ռադիոկայանի եթերից:  Չնայած` ինչի՞ մասին ենք խոսում, եթե Երևան քաղաքի ոստիկանության պետի մյուս տեղակալ Արթուր Մեհրաբյանն էլ երկու տարի առաջ հեռացվել էր Արաբկիրի ոստիկանապետի պաշտոնից՝ այդ նույն թաղամասում մի երիտասարդ կնոջ սպանությունը հանկարծամահություն ներկայացնելու պատճառով, դրանով իսկ ոչնչացնելով դեպքի վայրի բոլոր իրեղեն ապացույցները, իսկ այժմ էլ ահա վերջինս հայտնվել է ավելի բարձր պաշտոնում. երևի իր աշխատանքը «լավ» կատարելու շնորհիվ:

Ոստիկանապետի և իր կադրերի «հերոսությունների» մասին կարելի է հատորներ գրել, բայց խնդիրը ոչ թե նրանց «հերոսություններն» են, այլ այդ ամենը որպես ազգի համար կատարված դրական քայլ ներկայացնելը, էլ չեմ խոսում` «բարեպաշտ քրիստոնյա» ներկայանալու մոլուցքը:

Մարդկանց դեռ կարողանում եք ձեր այս լրատվական խաբկանքի մեջ պահել, բայց հո Աստծուն է՞լ չեք խաբի, ու ոչ ձեր կեղծ աղոթքները կփրկեն ձեզ, ոչ էլ ամեն քայլափոխի կառուցած եկեղեցիները:

Նարեկ Մելքոնյան

Նախորդ հոդվածը‘Պաշտոնական այցով Հայաստան կգա Սերգեյ Լավրովը’
Հաջորդ հոդվածը‘«Ես մարդասպան չեմ, ի՞նչ կապ ունի Ռուբեն Հայրապետյանը». Հարսնաքարի գործով ամբաստանյալ’