‘Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտային ցանցը կհամալրվի նոր ավտոբուսներով’

1140

Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտային ցանցը մինչեւ տարեվերջ կհամալրվի 50-60 նոր ավտոբուսներով: Ինչպես «Արմենպրեսի» հետ զրույցում տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, 120 ավտոբուս նախատեսվում էր ներկրել 2012 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին Հարավային Կորեայինց: «Սակայն տվյալ ավտոբուսային ձեռնարկությունում գործադուլ է սկսվել, այդ իսկ պատճառով ուշանում են ավտոբուսները: Նրանք խոստացել են, որ մինչ 2012 թվականի ավարտ Երևան կբերեն 50-60 ավտոբուսներ: 120 ավտոբուսի համար գումարն արդեն իսկ փոխանցված է»,-նշեց Նավասարդյանը:

Այս ավտոբուսները փոխարինելու են նույն համարով գործող, բայց տարբեր երթուղիներ ունեցող այն միկրոավտոբուսներին, որոնց վրա նշված կլինի նաև «Ա» տառը: «Ավտոբուսները երթուղի դուրս գալուց հետո դրանք գործելու են նույն միկրոավտոբուսների համարով, ուղղակի առանց «Ա» տառի»,-ասաց վարչության պետը:

Նրա խոսքով` մինչև տարեվերջ նախատեսվում է ավարտել նաեւ երթուղային ցանցի մրցույթը: Վերջին մի քանի ամիսների ընթացքում երթուղային տաքսիների համարները փոփոխության են ենթարկվել: «Մենք նախկինում ունեինք 125 միկրոավտոբուսային երթուղի: Մրցույթներն ավարտելուց հետո մենք այդքան երթուղիներ չենք ունենալու, ընդամենն ունենալու ենք 76-ը: Քանի որ «Ա» տառով գործող միկրոավտոբուսները շուտով դառնալու են ավտոբուսներ, նպատակահարմար չէր ունենալ բաց թողած համարներ»,- ասաց Հենրիկ Նավասարդյանը` հավելելով, որ մոտակա օրերին երթուղային տաքսիների վրայից կհանվեն նախկին համարները:

Նախորդ հոդվածը‘Երկրաշարժ Իրանում. այն զգացվել է նաև Քաջարանում և Կապանում’
Հաջորդ հոդվածը‘Ճապոնիայի վարչապետը ցրել է խորհրդարանը՝ նոր ընտրությունները դեկտեմբերի 4-ին’