‘Մայրաքաղաքում ավտոմեքենաները կայանելու համար վարորդներն այսուհետ կվճարեն էլեկտրոնային եղանակով ‘

1365

Երեւան քաղաքի ավտոկայանատեղիներում մեքենան կայանելու համար քաղաքացիներն այսօրվանից կվճարեն էլեկտրոնային եղանակով: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է Երեւանի քաղաքապետի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը: Նրա խոսքով` գործընթացն առայժմ կներառի մայրաքաղաքի կենտրոնական փողոցները: «Գործընթացը սկսել ենք հունիսից, սակայն այն շարունակական բնույթ է կրելու եւ ապագայում ներառելու է նաեւ ծայրամասերն ու բակային տարածքները»,- ասաց նա:

Նավասարդյանը հորդորեց վարորդներին ոչ մի դեպքում մեքենան կայանելու համար չվճարել առձեռն. դա անօրինական է: «Այս վճարման համակարգը բավական մատչելի է մեր քաղաքացիների համար: Եթե նախկինում տարվա ընթացքում օրը մեկ անգամ կայանելով վարորդը վճարում էր մոտ 72 հազար դրամ, դրա փոխարեն հիմա կվճարի 12 հազար դրամ: Ամսվա կտրվածքով վճարվող գումարը կկազմի 2000 դրամ, եւ վարորդը ազատ կայանում կկատարի»,-ասաց տրանսպորտի վարչության պետը:

Երեւան քաղաքում ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայություններն իրականացնող եւ մրցույթով ընտրված «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության ներկայացուցիչ Վազգեն Հարությունյանն ասաց, որ արդեն համապատասխանաբար կահավորվել են Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոցներում տեղակայված ավտոկայանատեղիները:

Հարությունյանի խոսքով` կայանելն անվճար է բոլոր այն վայրերում, որտեղ բացակայում են կայանումն արգելող ճանապարհային նշանները եւ սահմանված չէ որպես վճարովի ավտոկայանատեղ: «Վճարովի կայանատեղ կարող է կազմակերպվել ավագանու կողմից սահմանված ընդհանուր օգտագործման փողոցներում եւ հրապարակներում, բացառությամբ` բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային եւ առողջապահական հաստատությունների, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի տարածքների»,- ասաց նա:

Վազգեն Հարությունյանի փոխանցմամբ,  «վճարովի ավտոկայանատեղին առանձնացված է կարմիր գծանշումներով եւ ճանապարհային երթեւեկության համապատասխան նշաններով, տարածքը հսկվում է  հատուկ տեսանկարահանող սարքերով, որոնք հնարավորություն ունեն 5 րոպե հաճախականությամբ ավտոմատ կերպով ճանաչել ավտոտրանսպորտային միջոցի պետհամարանիշը: 

Նա նշեց նաեւ, որ տուրքի վճարման հսկողությունը իրականացվելու է էլեկտրոնային համակարգերի կիրառման միջոցով, իսկ չվճարողների նկատմամբ սահմանված կարգով կիրառվելու են օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցներ: «Առանց ավտոկայանատեղի տուրքի վճարման կայանելու փաստի վերաբերյալ կազմվում է արձանագրություն եւ գանձվում է տուգանք 5000 դրամի չափով: 48 ժամից ավելի առանց տուրքի վճարման կայանելու դեպքում ավտոկայանատեղիի կազմակերպչի միջոցներով ավտոտրանսպորտային միջոցը հատուկ տարածք կտեղափոխվի»,- «Արմենպրեսի» հաղորդմամբ` ասել է նա:

«Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության ներկայացուցչի խոսքով` ավտեկայանատեղի համար բոլոր վճարումները մուտքագրվելու են Երեւանի բյուջե: «Մեկ ժամ կայանելու համար վարորդը պետք է վճարի 100 դրամ, ընդ որում, ավտոկայանատեղում կայանելու պահից մինչեւ 5 րոպե տեղական տուրք չի գանձվում: Յուրաքանչյուր մեկ օրվա համար վարորդը կվճարի 500, մեկ շաբաթվա համար`1000, մեկ ամսվա համար` 2000, մեկ տարվա համար` 12 հազար դրամ: Ավտոտրանսպորտային միջոցը ավտոկայանատեղում ժամը 24.00-ից մինչեւ 09.00-ն կայանելու դեպքում ավտոկայանատեղի տուրք չի գանձվում»,- ասաց Հարությունյանը:

Ավտոկայանատեղիի տուրքը վճարվում է անկանխիկ ձեւով, Telcell տերմինալների, բանկային փոխանցումների եւ բոլոր այն միջոցներով, որոնք նշված կլինեն տեղեկատվական ցուցանակների վրա, այդ թվում նաեւ sms հաղորդագրությունների միջոցով: Վճարումները մատչելի դարձնելու նպատակով ավտոկայանատեղերում ցուցանակների վրա կլինեն նաեւ համապատասխան նշումներ` տվյալ վայրին մոտակա վճարման տարբերակների վերաբերյալ:

Նախորդ հոդվածը‘Եռօրյա սեմինարներ՝ Հայ ազգային կոնգրեսի և Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական ալյանսի համագործակցությամբ’
Հաջորդ հոդվածը‘Յուսպաշյանը տեղափոխվեց Ղազախստան’