‘Մայր Աթոռի հայտարարությունը՝ Թբիլիսիի հայկական եկեղեցում տեղի ունեցածի մասին’

666

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ խոսվում է հուլիսի 19-ին, Թբիլիսիում Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցու վրա իրականացված հարձակման մասին:

Հայտարարությունում ասվում է.

«Վիրահայոց Թեմի ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ սույն թվականի հուլիսի 19-ին Թբիլիսիում, ծայրահեղ ազգայնական տրամադրվածությամբ շուրջ 50 անձանց կողմից,  ոտնձգություն է կատարվել Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցու նկատմամբ, որի ընթացքին անարգալից ու հայհոյական արտահայտությունների ուղեկցմամբ ծեծի են ենթարկվել եկեղեցու սպասավոր Տ. Մանուկ քահանա Զեյնալյանը, թեմի պաշտոնյաներ եւ այդ պահին եկեղեցում գտնվող հայ հավատացյալներ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը իր խորը մտահոգությունն է հայտնում կատարվածի առնչությամբ եւ դատապարտում ազգային թշնամանք  եւ կրոնական անհանդուրժողականություն հրահրող այս գործողությունը: Սադրիչ սույն ոտնձգությունը ցավալի հետեւանքն է վերջին տարիներին Վրաստանում տարբեր կազմակերպությունների ու անհատների, այդ թվում ՝ վրաց որոշ հոգեւորականների կողմից տարածվող հակահայկական տրամադրությունների:

Ծայրահեղական նման դրսեւորումները անհարիր են հայ եւ վրաց ժողովուրդների բարեկամական հարաբերությունների ոգուն, որը պատմական մեր ընդհանուր անցյալի թանկ ձեռքբերումներից է: 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ակնկալությունն է, որ Վրաստանի իշխանությունները պատասխանատվության ենթարկեն եկեղեցու հանդեպ ոտնձգություն կատարած բոլոր անձերին եւ ապահովեն Վրաստանում Հայ Եկեղեցու եւ հայ համայնքի անվտանգությունն ու կյանքի բնականոն ընթացքը:

Նախորդ հոդվածը‘Լևոն Հայրապետյանի ներկայացուցիչները խնդրում են «գործարարի վրա շինծու գործ կարողներին չնույնականացնել ՌԴ բարձրագույն իշխանության հետ»’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանում Հայաստանի դեսպանատունը նոտա կհղի. Դեսպան’