‘Մայր Աթոռում ելույթ ունենալիս Սերժ Սարգսյանը մատները «խա՞չ է անում» ‘

1243

Սերժ Սարգսյանը շաբաթ օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել է Եկեղեցու Թեմական ներկայացուցչական ժողովին, որի նպատակն էր՝ քննարկել եկեղեցական և ազգային կյանքին վերաբերող օրախնդիր հարցերն ու հստակեցնել առկա մարտահրավերները:

Մայր Աթոռի մամլո դիվանը ժողովի վերաբերյալ մասնավորապես տեղեկացնում է, որ անդրադառնալով Հայ Եկեղեցու Սահմանադրության ամբողջացման խնդրին` «ժողովը թելադրեց նախորդիվ ստեղծված հանձնաժողովին` հետամուտ լինելու Սահմանադրության մեջ ներառնվելիք մնացյալ` Ազգային եկեղեցական ժողովի, Գերագույն հոգևոր խորհրդի, Եպիսկոպոսաց ժողովի և Թեմական ներկայացուցչական ժողովի գլուխների մշակմանը»:

 Ժողովի  ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Սիրիայում ստեղծված կացությանը  եւ դրանից բխող՝ սիրիահայ համայնքի վիճակին: Այս առնչությամբ ժողովը մտահոգություն է  արտահայտել Սիրիայում շարունակվող հակամարտության և ժողովրդի կրած կորուստների կապակցությամբ` իր զորակցությունը հայտնելով Սիրիայի հայ համայնքին: 

Ինչպես տեսնում ենք՝ ժողովականներն արծարծել են  զուտ եկեղեցական եւ ազգային խնդիրներ, ինչը միանգամայն տեղավորվում է հայտարարված օրակարգի համատեքստում: 

Ժողովին պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցած Սերժ Սարգսյանը, սակայն, տեսախցիկների առաջ հայտնվելու առիթը բաց չի թողել եւ հանդես է եկել մի ելույթով, որը եթե ոչ ամենամյա ամանորյա ուղերձի, ապա  նախընտրական շրջանում կուսակցության ակտիվի առաջ ունեցած ելույթի տպավորություն է թողնում:

«Մենք վճռական ենք կարգ ու կանոն հաստատելու պետական ողջ համակարգի գործունեության բոլոր ոլորտներում: Ու անպայման հաստատելու ենք: Կեղծիքները, պաշտոնեական դիրքի չարաշահումները, տմարդի արարքներն առանց բացառությունների պատժվելու են, պատժվելու են հրապարակավ, որպեսզի դաս լինեն և մեկընդմիշտ մերժվեն մեզանում», — ըստ president.am-ի, մասնավորապես ասել է Սերժ Սարգսյանը: Սակայն կայքը, ցավոք, մոռացել է նշված հատվածին ծանոթագրություն ավելացնել՝ զգուշացնելով, որ օրեր առաջ իրավապահ համակարգի ղեկավարների հետ անցկացված խորհրդակցության ժամանակ Սարգսյանի արտահայտած մտքերի հետ ցանկացած զուգադիպություն  պատահական է: Այլապես անհասկանալի է, թե ինչու է եկեղեցական   ժողովում նման միտք հնչեցվում: Չէ՞ որ ամեն խաչ կրող, ներեցեք, Աղվան Հովսեփյան չէ, ոչ էլ՝ ամեն հավատացյալ Վովա Գասպարյան է (մեղա Աստծո):

Շարունակելով եկեղեցական ժողովի մասնակիցներին հասցեագրված (՞) ելույթը, Սարգսյանը նշել է.

 «Լուրջ առաջընթաց ունենք խոսքի ազատության բնագավառում. մեզ հաջողվեց այս հարցում առաջ անցնել շատ ու շատ երկրներից, այդ թվում եւ զարգացած երկրներից: Մի բան, որով կարելի է հպարտանալ, եւ որը պետք է ամեն գնով պահպանել: Այժմ մենք կտրուկ փոփոխությունների ենք գնում երկրում արդարության միջավայրի հաստատման հարցում: Արդարության ընկալման վրա խարսխված հասարակական հարաբերությունները և վստահությունը արդարադատության համակարգի հանդեպ չափանիշներ են, որոնց մենք ձգտում ենք, որոնց ուղղությամբ սկսել ենք հաստատակամորեն առաջ շարժվել և կարճ ժամանակահատվածում արդյունքներ ենք ունենալու»:

Ելույթը ներկայացնող տեսանյութում կարելի է նկատել աշխարհասփյուռ հայ համայնքներից ժամանած սրբազան հայրերի տարակուսանքը Սարգսյանի այս խոսքերից հետո: Մարդիկ եկել են տարբեր, այդ թվում՝ զարգացած երկրներից, եւ հավանաբար մտովի համեմատում են այդ երկրներում մամուլի ազատության եւ արդարության ոլորտում տիրող վիճակը պարբերաբար Հայաստանից ստացվող լուրերի հետ, որոնք պատմում են ընդդիմադիր ակտիվիստների ձերբակալությունների, իշխանություններին քննադատող քաղաքական գործիչների նկատմամբ հետապնդումների, բանտերում տիրող «արդարության դոզային» չդիմանալուց ինքնախեղվող կալանավորների եւ այլնի մասին:

Թեպետ, գուցե առաջին հայացքից է անհասկանալի թվում Սարգսյանի լսարանի եւ ելույթում նրա բարձրացրած հարցերի միջեւ կապը: Չէ՞ որ  ներկաների մեծ մասը հոգեւոր սպասավորներ են, եւ կարող են յուրյանց «կարգաւ քահանայական իշխանութեան, եւ հրամանաւն աստուածային` թէ Զոր արձակիցէք յերկրի, եղիցի արձակեալ յերկինս», հենց տեղում թողություն տալ մոլորյալին «յամենայն մասնակցութենէ մեղաց յուրոց»: Գուցե հենց սրա վրա՞ է իր հույսը դրել Սերժ Սարգսյանը իրականության հետ որեւէ աղերս չունեցող հայտարարություններ անելիս, այդ ընթացքում էլ՝ գուցե «նավսյակի» մատները «խա՞չ է արել»: Գուցե: 

Հոգեւորականից  ստացած մեղքերի թողությունն, իհարկե, կարող է արդյունավետ լինել «ի փառս հանդերձյալ կենաց», այսինքն՝ հաջորդ կյանքի հաշվարկով: Բայց արդյո՞ք հանուն իշխանության սեփական քաղաքացիների արյունը թափած անձը կարող է այս կյանքում, իր իսկ նշած  «կարճ ժամանակահատվածում» (կարդալ՝ մինչեւ 2013-ի փետրվարը) ներողամտություն ակնկալել նույն այդ քաղաքացիներից: Մանավանդ, երբ քաղաքաղացին տարիների փորձով գիտի, որ ժողովրդավար գառան դիմակի հետեւում իշխանության մոլուցքը բավարարելու համար նորանոր զոհեր պահանջող  նույն գայլն է թաքնված:

 

Պանդուխտ Արարատյան

Նախորդ հոդվածը‘Ինչու Սերժ Սարգսյանը չի ուզում, որ սիրիահայերը գան Հայաստան ‘
Հաջորդ հոդվածը‘Նոբելյան մրցանակակիրները Երեւանում դասախոսություններով հանդես եկան ‘