‘
Ամերիկացի բռնցքամարտիկ Մայք Թայսոնը կդառնա Ռուսաստանի գրողների միության անդամ: Այդ մասին ТАСС-ին հայտնել է մարքեթինգի մասնագետ Վլադիմիր Խրյունովը:
«Մայքին հեռակա կարգով կտրվի Ռուսաստանի գրողների միության անդամատոմս»,- ասել է նա: Բռնցքամարտիկը միությանը կանդամագրվի հոկտեմբերի 27-ին. այդ օրը Մոսկվայում կկայանա նրա ինքնակենսագրական «Թայսոն. անողոք ճշմարտություն» գրքի շնորհանդեսը:
Թայսոնն անձամբ Մոսկվա կայցելի նոյեմբերին և կհյուրընկալվի բռնցքամարտի մի հանդիպման, որտեղ հանդես է գալու աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Ռուսլան Պրովոդնիկովը:
Թայսոնի գրքից հատվածներ է տպագրել Российская газета-ն: «Այս գիրքը նվիրված է բոլոր մերժվածներին: Բոլոր նրանց, ովքեր երբևէ տարված են եղել ինչ-որ բանով ու խաբվել են, ում իրավունքները ոտնահարվել են, ովքեր զրկանքներ են կրել, հնազանդեցվել են ու կոտրվել, սանձվել ու զրպարտվել: Եւ բոլոր նրանց, ովքեր ընդունակ չեն ընդունել սերը»,-ասվում է գրքի բնաբանում:
Թայսոնը գրքում, մասնավորապես, պատմում է, որ առաջին անգամ կոկաին է փորձել 11 տարեկանում, իսկ իր բռնցքամարտիկի կարիերայի ողջ ընթացում կանոնավոր կերպով թմրանյութեր է օգտագործել:
1987 թ. Թայսոնը դարձավ բռնցքամարտի պատմության մեջ աշխարհի ամենաերիտասարդ բացարձակ չեմպիոնը ծանր քաշում: Նրա կարիերան ընդհատվեց 1992 թ., երբ նա ազատազրկվեց բռնաբարության համար: Վերադառնալով ռինգ՝ Թայսոնը 1997 թ. մարտի ընթացքում երկու անգամ կծեց իր մրցակցի՝ Էվանդեր Հոլիֆիլդի ականջը:
Թայսոնն անցկացրել է 58 մարտ, հաղթել 50-ում (44-ը՝ նոկաուտով), և կրել է վեց պարտություն: Երկու մարտեր անվավեր են ճանաչվել: Փոխանցում է lenta.ru-ն:
‘