‘
Ամերիկյան Ջորջիա նահանգում 20-ամյա Մայքլ Բրենդոն Հիլին, որը կրակ էր բացել Ատլանտայի արվարձանային մանկապարտեզի շենքում, ծանրացնող հանգամանքներում ոստիկանի վրա հարձակում գործելու, ահաբեկչական սպառնալիքի և անօրինական զինամթերք պահելու մեղադրանք է առաջադրվել, հաղորդում է Associated Press գործակալությունը: Առայժմ պարզ չէ, թե ինչու է նա հարձակում գործել այդ մանկապարտեզի վրա, որն իր բնակավայրից 5 կմ հեռավորության վրա է:
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 20-ին: Հիլը, ինչ-որ կերպ խույս տալով պահակներից, մեծ քանակությամբ զենքով, այդ թվում՝ AK-47 ինքնաձիգով, մուտք էր գործել մանկապարտեզ և պատանդ վերցրել աշխատակիցներից մի քանիսին: Նա պահանջել էր դեպքի վայր կանչել տեղական WSB հեռուստատեսության աշխատակիցներին, որպեսզի նրանք «սկսեն նկարել, թե ինչպես է մեռնում ոստիկանությունը»:
Բոլոր երեխաներին, իսկ նրանք 800-ից ավելի էին, հաջողվել է դուրս բերել շենքից և հանձնել ծնողներին: Երբ ոստիկանությունը ժամանել է, Հիլն սկսել է կրակել նրանց ուղղությամբ: Ոստիկանները պատասխան կրակ են բացել և քիչ անց ձերբակալել են երիտասարդին, որն այդ պահին ասել է. «Կներեք, դեղերս մոտս չեն»: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել, հաղորդում է lenta.ru-ն:
‘