‘Մանկության տոն` Հյուսիսային պողոտայում (ֆոտոշարք)’

967

Հոկտեմբերի 21-ին Հյուսիսային պողոտայում իսկական մանկության տոն էր` լի ոչ միայն մանուկներով, այլև` նրանց երազանքներով ու պատկերացումներով: Երեխաները ժամեր շարունակ այստեղ բնություն էին նկարում` այդպիսով մասնակցելով արդեն հինգերորդ անգամ կազմակերպվող Համահայկական նկարչական նախաձեռնությանը: Այս բնապահպանական ամենամյա տոն-իրադարձությունը երեխաների համար կազմակերպում է Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, որն իր գործունեությունը ամբողջովին ծավալում է «հանուն երեխաների» սկզբունքի: Շատերն արդեն գիտեն հիմնդրամի ջանքերով ստեղծված «Արևորդի» պատանեկան էկոակումբների մասին, որոնք Հայաստանի տարբեր մարզերում այլընտրանքային բնապահպանական կրթություն են տարածում: Էկոակումբների սաները բնապահպանական խորը գիտելիքներ են ստանում, ճանաչում են հայրենի երկրի ծառն ու թուփը և շատ կոնկրետ գործերով ու օրինակներով բնապահպանական առողջ վարքագիծ են քարոզում: Օրինակներից մեկը` վերամշակված թուղթ, որի պատրաստման եղանակը  արդեն քանի տարի սովորեցնում են հայ պատանիներին հիմնադրամի էկոակումբներում:

Հիմնադրամի բազմաթիվ ու բազմապիսի ծրագրերում հատուկ առանձնանում է բնապահպանական ֆիլմերի «Արևորդի» միջազգային կինոփառատոնը, որն անցկացվում է տարին երկու անգամ` աշխարհի լավագույն բնապահպանական վավերագրերը առաջին անգամ Հայաստան բերելով: Հիմնադրամն ամեն տարի յուրովի միանում է բնապահպանական «Երկրի օր» համաշխարհային շարժմանը` ամենատարբեր ակցիաներով ու միջոցառումներով հանրությանը իրազեկելով բնության խնդիրների մասին:

Համահայկական նկարչական մրցույթը հիմնադրամի ամենամյա ծավալուն ծրագրերից մեկն է: Միայն այս տարի հազարից ավելի երեխաներ Հայաստանի մարզերից ու սփյուռքից մասնակցում են մրցույթին: Բնության թեմաներով նրանց նկարած ստեղծագործությունները տեղադրված են paintingdey.sunchild.org կայքէջում: Մինչ հիմնադրամը առաջիկա դեկտեմբերին կամփոփի մրցույթի արդյունքները, այս կիրակի Հյուսիսային պողոտայում կազմակերպվեց «Համահայկական նկարչական օր» միջոցառումը: Տասնյակ մոլբերտների, հատուկ տեղադրված մեծ տուփերի վրա հարյուրավոր երեխաներ Երևանից ու մարզերից բնություն նկարեցին ամենատարբեր մոտեցումներով` ամայացող անտառ, պայծառ արև, հատվող ծառեր, անզգա որսորդներ, կենդանական աշխարհի հրաշքներ, Հայաստանի մշակութային գանձեր՝  այս թեմաներն իրենց դիպուկ ասելիքով հայտնվել էին երեխաների կտավներում: 

Անսովոր մթնոլորտ էր Հյուսիսային պողոտայում. կյանք ու բնություն էր հայտնվել բարձրահարկների ներքո:  Հիմնադրամը ջանացել էր, որ անցորդների համար էլ օրը հետաքրքիր անցնի. կրկեսային, թատերական ու երաժշտական համարներն իսկապես մանկության մոլորակ էին դարձրել Հյուսիսային պողոտան: Այստեղ նաև հյուրեր կային: ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը  տիկնոջ հետ շրջում էր պողոտայով, ծանոթանում էր փոքրիկ նկարիչների հետ, զրուցում էր նրանց նկարների, բնության վերաբերյալ նրանց պատկերացումների  մասին:  Հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ բնապահպանական վարքագիծ պետք է կրել դեռևս մանկուց, դրա համար է, որ իրենց թիրախը երեխաներն են, ու նրանք ոչ միայն կրթում են երեխաներին, այլև հենց երեխաների օգնությամբ մեծահասակներին հիշեցնում սովորական թվացող շատ կարևոր ճշմարտությունների մասին: 

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

Ամբողջ ֆոտոշարքը՝ այստեղ

Նախորդ հոդվածը‘Էդուարդ Շարմազանով. Хотите женитесь, хотите разводитесь ‘
Հաջորդ հոդվածը‘Կավե արձանները կնվիրաբերեն համանուն տուն-թանգարաններին ‘