Իսպանական «Բետիսի» 67-ամյա չիլիացի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինի քննադատել է Իսպանիայի Լա Լիգան ցածր խաղամակարդակի համար։
«Բոլորս պետք է ձգտենք, որ Լա Լիգան այսպիսի խայտառակություն չլինի։ Մրցավարների հավաքի ժամանակ մեզ հայտնեցին, որ այս լիգան ամենադանդաղն է Եվրոպայում։
Երկրպագուները ցանկանում են տեսնել շոու, իսկ մենք այլ բան ենք մատուցում։ Շատ ժամանակ խաղադաշտում անիմաստ ու դատարկ է անցնում, իսկ սիմուլյացիաները խայտառակություն են»,- Պելեգրինիի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Իսպանիայի առաջնության երրորդ տուրում «Բետիսը» օգոստոսի 28-ին կընդունի Մադրիդի «Ռեալին»։ Երկրորդ տուրում «Բետիսը» տանը 1։1 հաշվով էր ավարտել հանդիպումը «Կադիսի» հետ։
Մանուել Պելեգրինին 2013-2016-ին գլխավորել է անգլիական «Մանչեսթեր Սիթին», 2018-2019-ին՝ «Վեստ Հեմը»։
