‘Մանուկյանը՝ Աշոտյանին. Դուք նպատակային ոչնչացրեցիք մասնավոր բուհերը’

1550

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ  «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարց ուղղեց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին: «Գարնանը կառավարության կողմից հաստատվեց պետական բուհերում ընդունելության համար նախատեսված տեղերի քանակը, որի համաձայն՝ 15 146 տեղ հատկացվում է պետական բուհերերին, 9080 տեղ՝ հեռակա և մասնավոր, իսկ ընդհանուր համակարգով ընդունվողների տեղերի թիվը կազմում է 3695: Նշեմ, որ պետական բուհերի 15 հազար տեղի համար եղել էր մոտավորապես 13 հազար դիմում: Ընդհանուր քննություններով՝ 9000 տեղից հեռակա ընդունվել էր մոտ 4500 հոգի, իսկ մասնավոր բուհերի 3700 տեղից՝ 43 հոգի»,- նշեց Արամ Մանուկյանը: Նրա խոսքով՝  այս պետական բիզնես ծրագիրը չի լրացրել 10.000 ուսանողի թիվը, իսկ ընդունվածներից մոտ 1000-ը քննություն չի հանձնել: «Մեր պատմության մեջ սա առաջին անգամ է, երբ նախատեսված տեղերի թիվը գերազանցում է դիմորդների թվին: Ինչպե՞ս է կազմվել այս ծրագիրը, և ինչու՞ է այս ոլորտը գտնվում այսպիսի անմխիթար, ձախողված և խեղաթյուրված վիճակում, արդյո՞ք գոյություն ունի որևէ արդարացում կամ բացատրություն»,- հարցրեց Կոնգրեսի խմբակցության քարտուղարը:

Ի պատասխան՝ Արմեն Աշոտյանը պատճառաբանեց, թե վերոնշյալ տվյալները ամբողջական չեն: Նրա խոսքով՝ այս քաղաքականության շրջանակներում մեծ տեղ է տրվում հոգեբանական գործոնին: Այսինքն՝ դիտավորությամբ հատկացվում են ավելի շատ տեղեր, որպեսզի ծնողը վստահ լինի, որի իր երեխան դրական է ստանալու և ընդունվելու է բուհ: Անդրադառնալով այն փաստին, որ 1000 հոգի քննություն չի հանձնել, ԿԳ նախարարը մեկնաբանեց, որ ագրարային ոլորտում առկա է կադրերի համալրման խնդիր, այդ պատճառով էլ իրենք դիմել են աննախադեպ քայլի և հաշվի են առել ատեստատի գնահատականները:

Արձագանքելով Աշոտյանի պատասխանին՝ Մանուկյանը նշեց, որ կրթության և գիտության նախարարությունը դիմորդների թվի վերաբերյալ չունի հստակ տեղեկատվություն: «Այս ինֆորմացիան ես ստացել եմ երեք տեղից, սակայն թվերը այդպես էլ իրար չէին բռնում, քանի որ չկա ճշգրտված համակարգ: Այնուամենայնիվ, փաստ է, որ 3700 դիմորդից ընդունվել է ընդամենը 43 հոգի: Սա՞ է ձեր քաղաքականությունը: Դուք նպատակային ոչնչացրեցիք մասնավոր բուհերը, ոչնչացրեցիք այս բնագավառը, իսկ ձեր քաղաքականությունը ձախողված է, դուք ոչ մի հիմնավոր փաստ չբերեցիք»,- հայտարարեց Արամ Մանուկյանը:

Ի պատասխան՝ Աշոտյանը այս անգամ պատճառաբանեց, թե մասնավոր բուհերը ինքնանպատակ չեն:

Նախորդ հոդվածը‘Անջեյ Կասպրշիկ. Հրադադարի ռեժիմի խախտումը մեծացնում է լարվածության սրման ռիսկը’
Հաջորդ հոդվածը‘Վահան Բաբայան. Ժողովրդի միասնականության դեմն առնելն այլեւս հնարավոր չէ (Տեսանյութ)’