‘Մանուկյանը՝ Միրումյանին. Հրաժարական կտա՞ք, եթե «Շրջանառության հարկի մասին» ծրագիրը ձախողվի’

1623

Ազգային ժողովում «Շրջանառության հարկի մասին» օրինագծի քննարկումների ժամանակ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարցեր ուղղեց ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանին: «Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Շրջանառության հարկի մասին» օրենքը, իսկ հիմա քննարկվում է գույքագրումը կամ փաստաթղթերի ներկայացումը երեք ամսով հետաձգելու մասին դրույթը, որը ամենեւին չի վերացնում հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած օրենքի գործառույթը: Այստեղ կա իրավաբանական հասկասություն: Ինչո՞վ է բացատրվում այս հակասությունը»,- հարցրեց Արամ Մանուկյանը:

Ի պատասխան՝ Միրումյանը նշեց, թե հոկտեմբերի 1-ից շրջանառության հարկը կիրառվում է 1 տոկոս դրույքաչափով, իսկ փաստաթղթավորման պահանջը նույնպես գործում է: Նրա խոսքով, այս դրույթը վերաբերվում է նախկինում կատարված ձեռքբերումներին եւ եւ նախկինում կատարված ձեռքբերումների մասով փաստաթղթավորման գործընթացը երկարաձգվում է մինչեւ փետրվարի մեկը:

Արամ Մանուկյանը հետաքրքրվեց նաեւ, թե ինչպե՞ս է ֆինանսների նախարարությունը հիմնավորում իրենց կողմից կայացված այն որոշումը, թե անհարկի ստուգումներ այս ընթացքում չեն անցկացվելու, ինչը հաստատում է, որ նախարարությունը նախկինում իրականացրել է անտեղի ստուգումներ: «Եթե ձեռնարկատերը օրենք է խախտել, դուք ինչպե՞ս կարող եք կառավարության որոշմամբ ստուգումներ չկատարել եւ պատիժներ չկիրառել»,- նշեց Կոնգրեսի խմբակցության քարտուղարը: Անդրադառնալով այս հարցին՝ Միրումյանը պատասխանեց, թե իրենք չեն հաստատում, որ իրականացվել են անհարկի ստուգումներ: «Մենք ուղղակի փորձում ենք փարատել ձեր մտահոգությունները՝ ձեր իսկ նշած անհարկի ստուգումներ իրականացնելու վերաբերյալ»,- ասաց նա:

Արամ Մանուկյանի խոսքով՝ կան տեղեկություններ այն մասին, որ այս օրենքի կիրառման արդյունքում փակվելու են մի շարք ՓՄՁ-ներ: «Այդ պրոցեսը արդեն իսկ սկսվել է: Եթե ձեր այս ծրագիրը ձախողվի եւ օրինակ 500 ՓՄՁ-ներ փակվեն, ապա դուք կամ նախարարը պատրաստ եք դա խոստովանել եւ հրաժարական տալ: Բայց հաշվի առեք, որ մինչ ձեր հրաժարական տալը 500 ընտանիք արդեն զրկված է լինելու  իր կերակրամիջոցից»,- նշեց Մանուկյանը: Ի պատասխան՝ Ֆինանսների նախարարի տեղակալը ասաց, թե իր համար տարօրինակ է ՓՄՁ-ների փակվելու մասին տեղեկատվությունը: «1 տոկոս հարկ վճարելու դեպքում, ինչու՞ պետք է փակվի կազմակերպությունը, առավելեւս, երբ մենք դեռ չենք կիրառել փաստաթղթավորման համապատասխան պահանջը»,- ընդգծեց Միրումյանը՝ հավելելով, որ հրաժարակի մասին հարցի պատասխանը Ֆինանսների նախարարը արդեն տվել է:

Արձագանքելով նախարարության ներկայացուցչի պատասխանին՝ Արամ Մանուկյանը նշեց. «Այո՛, պատասխանել է՝ ասելով, որ հրաժարական չի տա: Իսկ ինչ վերաբերվում է փակվելու պատճառներին, ապա ասեմ, որ մարդիկ չեն ցանկանում այս տարբերակով աշխատել, իսկ հունվար-փետրվար ամիսներին փակվող ձեռնարկությունների թիվը ավելի կշատանա: Որ ասում եք, թե հարկային բեռը քչանում է, ի՞նչ եք կարծում, այդ հազարավոր մարդիկ չե՞ն հասկանում, որ 3 տոկոսը իջեցնում եք մեկ տոկոսի ու իրենք չհասկացողի նման ըմբոստանում են: Պարզ չի՞ բացատրությունը՝ իրենք ունեին երկու կոպեկ, որ չէր հաշվառվում: Սա է իրականությունը»,- ասաց Կոնգրեսի խմբակցության քարտուղարը:

Միրումյանի խոսքով՝ ցանկացած տնտեսավարող սուբյեկտի փակվելը իրենց համար խիստ ցավալի է: «Մենք դողում ենք այդ ձեռնարկությունների վրա, որ հանկարծ չփակվեն: Ինձ համար հասկանալի չէր, որ երբ օրենքը դեռեւս ուժի մեջ չէր մտել, կային մտահոգություններ: Բայց կարծում եմ, որ ժամանակը ցույց կտա եւ մենք կտեսնենք, թե որքանով են այդ մտահոգությունները համապատասխանում իրականությանը»,- հավելեց նա:

Նախորդ հոդվածը‘Ղրղզստանի նախկին նախագահի որդին երկրորդ ցմահ ազատազրկմանն է դատապարտվել’
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ. Իրաքյան Քուրդիստանի առնվազն 1,5 հազար մարտիկներ կուղարկվեն Քոբանի’