‘
ԱԺ-ում քննարկվում է 2014 թվականի մայիսի 23-ին Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ ստորագրված «Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագիր» ֆինանսավորման համաձայնագիրը, որով հիմնական զեկուցողը Աշխատանքի եւ սոցապ նախարար Արտեմ Ասատրյանն է:
Քննարկման ընթացքում ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարց ուղղեց Ասատրյանին. նախ՝ ի՞նչ վիճակում են գտնվում իր ղեկավարած նախարարության վերցրած վարկերը, որքա՞ն են դրանք կազմում եւ այլն: Բացի այդ, Մանուկյանի խոսքով՝ համաձայնագրում նշված է, որ գումարի մի մասը պետք է ուղղվի կենսաթոշակային համակարգի բարելավմանը: Արդյո՞ք այդ գումարը նախատեսված էր կուտակային կենսաթոշակային ծրագրի համար, եւ ապա՝ համաձայնագիրը կնքվել է մայիսին, իսկ եթե ԱԺ-ն չընդուներ այդ օրինագիծը, ապա ի՞նչ պետք է լիներ այդ գումարի հետ:
Ի պատասխան՝ Ասատրյանը հայտարարեց, թե վարկերի մասով այս պահին մոնիթորինգ չի իրականցվել, հետեւաբար՝ այդպես էլ չասաց՝ որքան է կազմում իրենց կողմից վերցված վարկերի հանրագումարը: Ապա նշեց, թե այս ծրագրով գումար նախատեսված չէ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի համար, այլ՝ նախատեսված են հաշվառման եւ տեղեկատվական համակարգերի եւ դրանցում առկա միջոցառումների համար:
Արամ Մանուկյանը արձագանքեց. «Էս վարկերը, որ անընդհատ ավելացնում եք, ո՞վ է մուծելու, ինչպե՞ս եք գտնելու գումարը, ձեզ չի՞ անհանգստացնում, որ մենք հինգ մլրդ դոլարի սահմանին ենք: Անընդհատ վարկ եք վերցնում, բայց տալու մեխանիզմ չեք ստեղծում: Էս վարկերի տակից ո՞նց եք դուրս գալու»:
Ի պատասխան՝ Ասատրյանը մի անհոդաբաշխ հայտարարություն արեց: Նախ ասաց, թե բա գիտե՞ք՝ իսկապես, բոլորիս մտահոգում է երկրի արտաքին պարտքի չափը: Հետո էլ թե՝ «բնականաբար, կառավարությունը նայում է ցանկացած այս կարգի համաձայնագիր, ինչ խնդիր է դրված լուծելու, եւ արդյո՞ք նպատակահարմար է այն խնդիրների լուծումը, որոնք նախատեսված են այդ ծրագրերով լուծել, իրականացնել վարկային ծրագրով»: Ու այսպես, երկար գովելուց հետո, Ասատրյանը սկսեց նաեւ այս վարկային համաձայնագիրը գովել, թե «այս ծրագրի արդյունավետությունը միանշանակ պետք է գնահատել նպատակային»: Բայց թե, ի վերջո, երկիրը ո՞նց է այս վարկերի տակից դուրս գալու՝ այդպես էլ չասաց:
‘