‘
Այսօր երեկոյան կայանալիք հանրահավաքին հրապարակում ակնկալվում է առնվազն նույնքան մարդ, որքան հոկտեմբերի 10-ին: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նա նշեց, որ, ըստ իր տեղությունների, անցած մի քանի օրերին համայնքների ղեկավարները եւ ոստիկանության ներկայացուցիչները այցելել են մարդկանց տներ եւ «խորհուրդ տվել չմասնակցել այսօրվա հանրահավաքին»: Այնուամենայնիվ, պատգամավորն ասաց, որ վստահ է՝ այսօրվա հանրահավաքը իր էներգետիկայով եւ բազմամարդությամբ առնվազն չի զիջելու նախորդին: «Լինելու են լրիվ նոր մարդիկ՝ ոչ քաղաքական եւ ոչ կուսակցական: Նրանք կարող են չսիրել հարթակում կանգնած լիդերներից ոչ մեկին, բայց գալու են հանրահավաքի, որովհետեւ գիտեն, որ այն լուծում է Հայաստանի ապագայի հարցը»,- ասաց Արամ Մանուկյանը: Նրա խոսքով՝ հրապարակից եկող կոչերը այս անգամ լինելու են ավելի ագրեսիվ, ավելի մաքսիմալիստական, քան քաղաքական ուժերն են ակնկալում: «Մնում է ուժերն ավելի ճիշտ տեղաբաշխել, որպեսզի արդյունքը լինի անցնցում, անցավ եւ արագ»,- ասաց նա:
Ինչ վերաբերվշում է հրապարակից հնչող «Հիմա՛» կոչերին, Մանուկյանը նշեց, որ ոչ միայն ժողովուրդը, այլև հենց ինքն էլ է ուզում «հենց հիմա»: «Որքան արագ, այնքան լավ, բայց ռեսուրսները պետք է ճիշտ օգտոգործել, որ հաղթանակդ երաշխավորված լինի, քանի որ, բնականաբար, իշխանությունը փորձելու է ընդդիմանալ: Մենք շատ լավ հասկանում ենք, որ ձգձգումը կարող է բերել հիասթափության եւ տարատեսակ խոսակցությունների: Գիտակցում ենք նաեւ, որ եթե հաղթական ավարտ չլինի, ապա հաջորդ շարժումը պարզապես կարող է չլինել: Հարթակում կանգնած են փորձառու մարդիկ, փորձառու առաջնորդներ, որոնք կարող են ճիշտ հաշվարկներով գործն առաջ տանել»,- ասաց Մանուկյանը՝ շեշելով, որ մարտի 1-ի իրավիճակը չի կարող կրկնվել, որովհետեւ իշխանություննները իրենց բոլոր ռեսուրսները մսխել են, չունեն ոչ մի աջակից, բացի մի քանի լեզվանիներից: «Աջակցություն չունեն նաեւ դրսից, որովհետեւ ձեռք են բերել ամենաանլուրջ գործընկերոջ համբավ»,- հավելեց Կոնգրեսի խմբակցության քարտուղարը:
Տեսանյութը՝ քիչ անց:
‘