‘Մանուկյան. Դուք արհամարհած ունեք եվրոպական կառույցներին’

1315

Այսօր ԱԺ-ում` կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ  Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ հարց ուղղեց կառավարությանը: Նախ նա հիշեցրեց, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը որերորդ անգամ Մարտի 1-ի հետ կապված Հայաստանից ընդամենը երկու հարցի պատասխան է ուզում, որոնց կառավարությունը չի պատասխանում. այն է` ի՞նչ փոխհատուցում է տրվել զոհերի իրավահաջորդներին եւ ի՞նչ պատիժ` հանցագործներին:

«Նաեւ տեղեկացնեմ ձեզ, որ Մարտի մեկի զոհերի ներկայացուցիչների բողոք-գանգատը Եվրադատարանում հասել է կոմունիկացիաների փուլ, դա նշանակում է, որ ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությանն ուղարկել է հարցեր, թե ինչ ընթացքում է գտնվում գործը, եւ մոտավորապես նույն հարցերն են, ինչը որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովն է ներկայացրել, եւ այդ հանցագործություններից 8 տարի հետո ՀՀ իշխանությունը ՄԻԵԴ-ից կրկին ժամանակ է խնդրել այդ հարցերին պատասխանելու համար: Դեկտեմբերին պիտի հարցերին պատասխանեին, ժամկետը ձգել են մինչեւ մարտի վերջը: Դեռ քանի՞ տարի է պետք, որ այդ պարզ հարցերին, որոնք մեզ տրվում են այդ կառույցներից, որի անդամ ենք մենք, պատասխանեք, չձգեք»,- հարցրեց Մանուկյանը:

Հարցին պատասխանեց կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը, որը նշեց, թե հարցին պատասխանելու իրավասություն ունեցող նախարարը` ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դահլիճում չէ, հետո էլ թե` կճշտի հարցը, եւ իրենք գրավոր կպատասխանեն:

«Պարոն Հարությունյան, դուք բոլոր միջազգային կառույցների հետ շփման երկար փորձ ունեք եւ շատ լավ գիտեք, որ փնթի վերաբերմունքը միջազգային կառույցների նկատմամբ՝ նույնկերպ արձագանքվում է դեպի մեզ: Այսինքն, իրենք ադեկվատ են պատասխանում, մասնավորապես, ես հանգիստ կարող եմ կապել ԵԽԽՎ վերջին ոչ հայանպաստ բանաձեւերը նաեւ մեր վերաբերմունքի հետ, բացի դա, այն հարցերի պատասխանները, որոնք դահլիճում չեն հնչում, ինքնըստինքյան հրապարակ են գնում: Հիմա եթե ես վաղը Մարտի 1-ի հանրահավաքին վատ բառեր ասեմ, որ դուք արհամարհում եք միջազգային կառույցներին, նրանց հարցերը, ես ճիշտ կլինեմ, չէ՞: Եթե դուք ճիշտ ժամանակին այդ հարցերի պատասխանները տայիք, ես այստեղ այսպես մեծ-մեծ չէի խոսի: Փաստաբաններն ասացին, որ 8 տարվա ընթացքում Հայաստանի ներկայացուցիչները մատը մատին չեն խփել այս հարցում: Այսինքն, դուք արհամարհած ունեք եվրոպական կառույցներին, ՄԻԵԴ-ին, որը կոմունիկացիայի` օրենքով նախատեսված փուլ է իրականացնում»,- հակադարձեց Մանուկյանը: Ի պատասխան՝ Հարությունյանը հայտարարեց, թե երբ պատասխանատու նախարարը դահլիճում չէ, դժվար է հակափաստարկներ բերել:  

  

Նախորդ հոդվածը‘Ակտիվիստներին բերման ենթարկեցին նախագահականից. Ա1+. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Ակտիվիստներին ազատ են արձակել’