‘Մանուկյան. Եթե լսեինք «Հայռուսգազարդ»-ին, գազի գինն ավելի բարձր կլիներ’

858

Ազգային ժողովում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի ծրագրի քննարկումների ժամանակ ելույթ է ունեցել «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, որն անդրադարձել է, իր իսկ խոսքով՝ «մի քանի այլանդակ երեւույթների»՝ կապված գազի գնի հետ: «Ներկայացվեց, որ գազի սպառումը շուրջ 6 անգամ ավելացել է, եւ դրա պատճառով գազ սպառողների քանակը, իր հերթին, նույնպես  ավելացել է շուրջ 6 անգամ: Սպառողների կատարած մուծումներից ավելացել են նաև ընկերության ֆինանսական մուտքերը: Հետևաբար՝ ավելացել է նաեւ Գազպրոմ Արմենիայի աշխատողների քանակը: Հայռուսգազարդի աշխատողների թիվն այս տարիների ընթացքում ավելացել է 1000-ով, այդ հազարի աշխատավարձերն ավելացել են 110 հազարով, եւ մի քանի տարվա ընթացքում աշխատավարձերի ֆոնդը 6 մլրդ դրամից դարձել է 20 մլրդ դրամ: Բայց «Հայռուսգազարդը» ավելի մեծ ախորժակ է ունեցել՝ ցանկանալով աշխատավարձի ֆոնդը դարձնել 30 մլրդ դրամ: Եթե մենք իրենց լսեինք, գազի գինն ավելի բարձր կլիներ»,- հայտարարեց Արամ Մանուկյանը:

Խնդիրը, ըստ պատգամավորի, այլ է. «Հայռուսգազարդը» մասնավոր հիմնարկ է եւ իրավունք ունի ցանկացած ծախս անել ու դրա դիմաց գումար պահանջել, բայց որեւէ մեկը պետք է վերահսկի, որ նրանց աշխատողները $30-40 հազարանոց աշխատավարձեր չունենան:

«Հասարակության սոցիալական վիճակի հաշվին բարձր աշխատավարձեր վճարելը նորմալ չէ: Դրա արդյունքում է, որ գազի սպառողների քանակը տարեցտարի պակասում է:  Հիմա գյուղերում անցել են փայտ վառելու: Տարեկան՝ սպառողները միջինը 3-4 տոկոսով նվազում են»,- ընդգծել է Մանուկյանը:

Պատգամավորի խոսքով՝ 10 տարի առաջ գազի գնի տարբերությունը սահմանից մինչև սպառողին հասնելը կազմել է մոտ 50-60 դոլար, իսկ հիմա տարբերությունը կազմում է 200 դոլար: «Այսինքն, այս տարիներին մարժա կոչվածը, որը նստում է ՀՀ քաղաքացու ուսերին, երեք անգամ ավելացել է:

Հանձնաժողովից խնդրել էի, որ ներկայացնեն, թե ինչպես են որոշվում տեսուչների սուբյեկտիվ մոտեցումները իրավաբանական անձանց սպառած գազի գործակիցների նկատմամբ: Պարզվում է, եթե իրավաբանական անձը վառել է 1000 խմ գազ, եւ տեսուչը սուբյեկտիվորեն 1.3 գործակից է կիրառել, ապա  իրավաբանական անձը պետք է վճարի 1300 խմ գազի համար: Եվ սա ոչ մի փաստաթղթով սահմանված չէ՝ ինչպես է տեսուչը հաշվարկում այդ գործակիցը: Սա կարող է իրավաբանական անձանց համար կազմել մինչեւ 50 տոկոս: Այստեղ կոռուպցիոն մեծ ռիսկ կա»,- նշեց Կոնգրեսի խմբակցության քարտուղարը:

Մանուկյանը ընդգծեց նաեւ, որ ներդրումների վրա շատ լուրջ գումարներ են ծախսվել՝ 14 մլն դոլար, բայց միայն 130 հազար դոլարն է տրամադրվել 2-3 գյուղերի գազաֆիկացմանը:

«Անընդհատ ներդրումներ անելով՝ կորուստները մեկ տասնորդականով անգամ չեն պակասում, մեզ անընդհատ ներկայացնում են, որ կորուստների տոկոսները մի բան էլ ավելի շատ են»,- ասաց նա:

Պատգամավորն իր խոսքում նշեց նաեւ, որ գոյություն ունի սպառողների երկու տեսակ՝ արդյունաբերական սպառողներ եւ մինչեւ 10000 խմ գազ սպառողներ: «Կա 750 արդյունաբերական սպառող, որոնք շեմի վրա են: Դա նշանակում է, որ նրանք վառում են անիմաստ ավելի շատ գազ, որպեսզի օգտվեն արտոնությունից: Ընդ որում՝ այս քիչ վճարվելու համար ավելի շատ են վճարում մնացածները»,- ընդգծեց պատգամավորը:

Նախորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Աբորիգենները և գիտատեխնիկական առաջընթացը’
Հաջորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Իր լրումին սպասող Ազատության հրապարակ’