‘Մանուկյան. Հանրային նայում են միայն այն ժամանակ, երբ այլ բան նայելու հնարավորություն չունեն (տեսանյութ)’

1568

ԱԺ-ում շարունակում են քննարկել Հանրային հեռուստառադիոընկերության 2013 թվականի գործունեության վերաբերյալ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաղորդումը: Քննարկման ժամանակ ելույթ ունեցավ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ով մի շարք մտահոգություններ հայտնեց Հանրայինի գործունեության վերաբերյալ:

Նախ՝ Մանուկյանը ֆինանսական խնդիրներից խոսեց:  Նա անդրադարձավ  Հանրայինի կողմից վերցրած 850 մլն դրամ վարկին՝ կոչ անելով ներկայացնել այդ վարկի հետ կապված փաստաթղթերը, եւ ապա հարցեր հնչեցրեց. «Ինչո՞ւ են այդ վարկը վերցրել, եթե այն նախատեսված չէր, եթե Հանրայինի մուտքերի մեջ բացարձակապես վարկի մասին տող չկա, ինչո՞ւ է կառավարությունը փակել վարկը՝ իր պահուստային ֆոնդի հաշվին, ինչն անտրամաբանական է, ովքե՞ր են վճարել վարկի տոկոսները»: «Դուք՝ որպես տնտեսվարող, չպետք է վերցնեիք այդ վարկը, որովհետեւ ձեզ մոտ չի եղել նշված, թե ինչ միջոցներով պիտի փակեիք այն, որովհետեւ ձեր մուտքերն ու ելքերը հավասար են, եւ ամենեւին չի երեւում՝ ինչ ռիկսի տակ էիք մտնում, կարող էիք ձախողվել այդ վարկի պատճառով: Գրված է ձեզ մոտ, որ կառավարությունը տեխնիկական վերահսկման նպատակով ներգրվված վարկային միջոցների զգալի մասը փակել է: Այսպես հաշվետվություն չեն ներկայացնում՝ զգալի մաս, թիվ ներկայացրեք, որ կոնկրետ տեսնենք, թե որքա՞ն է տվել կառավարությունը: Բացի այդ, ծախսերի մեջ ձեր բոլոր ծախսերը չեն երեւում: Ծախսերի հոդվածների մի մասը կա հերթականությամբ, մի մասը՝ չկա: Խնդրում եմ՝ ներկայացրեք նաեւ այն մասերը, որոնք այստեղ արտահայտված չեն, կամ գուցե բացատրելու կարիք կա՝ թե ինչու է այսպես»,- նշեց Մանուկյանը:

Նրա խոսքով, սակայն, առավել կարեւոր խնդիր է բովանդակային մասը: Նա նշեց, որ Հանրայինի ռեյտինգը հեռուստաընկերությունների ցանկում երրորդն է՝ հավելելով, որ հնարավոր է՝ այդ պատկերը օբյեկտիվ է, քանի որ Հանրայինը պարտավոր չէ անընդհատ շոու ծրագրեր ցույց տալ, կամ սերիալներ, որոնք ռեյտինգ են բերում: Մյուս կողմից, սակայն, Մանուկյանը հիշեցրեց, որ Հանրայինը իր ֆինանսավորումը ստանում է բյուջեից, այսինքն՝ ֆինանսավորվում է հարկատուների միջոցներով, եւ ստացվում է, որ հարկատուների հաշվին սնվող հիմնարկը ամենառեյտինգայինը չէ, եւ այս հարցի պատասխանը պետք է տալ:

«Իսկ իրականությունը հետեւյալն է, որովհետեւ այն ֆունկցիաները, որոնք նշված են ձեր փաստաթղթում, չեն կատարվում, կարծում եմ՝ այդ պարտավորություններից, ֆունկցիաներից երկուսը հստակ են: 2013-ին հեռուստաընկերության հիմանական խնդիրը եղել է՝ քաղաքական հրատապ խնդիրների մասին հաղորդումների կազմակերպումը եւ անմիջական կապը լսարանի հետ, ինչպես նաեւ՝ պատրաստել հանրության քաղաքական, տնտեսական հրատապ թեմաներին վերաբերող հաղորդումներ, որոնք ապահովում են կապը լսարանի հետ, եւ որտեղ քննարկվում են առկա հրատապ բոլոր խնդիրները: Սա է ձեր առաքելությունը: Յուրաքանչյուր  հեռուստաընկերություն կարող է, որպես բիզնես ծրագիր՝ իր խնդիրները դնել,  Եվրոպայում հեռուստաընկերություն կա, որ 24 ժամ ակվարիում է ցույց տալիս: Իսկ հանրայինի ֆունկցիան հետեւյալն է, այն ունի մեկ առանձնահատկություն՝ բոլոր հեռուստաընկերություններից տարբերվող, որ այն պետք է այդ պահին ակտուալ խնդիրներին անմիջական, օպերատիվ արձագանք տա: Ընդ որում՝ դա գրված է նաեւ ձեր կանոնակարգի մեջ: Իսկ դուք այս առաքելությունը չեք անում: Օրինակներով խոսենք: Ես ամենամեծ ընդդիմադիր խմբակցության անդամ եմ,  եւ Հ1-ում ուղիղ եթեր չեմ ունեցել, մեր խմբակցությունից ոչ մեկը նշվածս հաղորդումներին չի մասնակցել, այն դեպքում, երբ այլ հեռուստաընկերություններում մասնակցել ենք հաղորդումներին:

Հանրապետությունը եռում է՝ թոշակների այս նոր համակարգի հետ կապված, ցույցեր, բողոքներ, գործադուլներ են տեղի ունենում, իսկ ձեր համար կարծես՝ եղած-չեղած, դուք անընդհատ շարունակում եք մինչեւ հիմա ցույց տալ կառավարության ռեկլամները, թե շատ լավ բան է, եկեք մտեք այդ համակարգի մեջ, ապահովված է, երաշխավորված է: Եթե դուք պետք է միակողմանի ներկայացնեք իշխանության մատուցածը, ապա բնական է, որ ռեյտինգ չեք ունենալու, եւ հասարակությունը ձեզանից չի ակնկալելու այն, ինչը որ հանրայինը պետք է իրեն տա: Հանրային նայում են միայն այն ժամանակ, երբ այլ բան նայելու հնարավորություն չունեն: Մենք ամսի 25-ից սկսած՝ հանրահավաքներ են անում, դուք ներկայացնո՞ւմ եք այդ հանրահավաքները, այնտեղ մեր ներկայացրած խնդիրները, չէ՞ որ այնտեղ հասարակության մի մասն է: Երեք օր է՝ ԱԺ-ի մոտ, Գյումրիում եւ ամենուրեք Շրջանառության հարկի մասին քննարկումներ են տեղի ունենում, մարդիկ ըմբոստանում են, չեք արձագանքում: Երեկ «Ուրվագծով» ճիշտ պահը բռնեցին, հրավիրեցին ՓՄՁ միության նախագահին՝ օպերատիվ, անաչառ տեսակետ արտահայտելու համար: Սխալ էր, ճիշտ էր՝ կապ չունի: Պարզ չէ՞, որ մարդը, որն ուզում է անաչառ եւ օպերատիվ այլակարծություն լսել, էս դեպքում նայում է այլ հեռուստաընկերություն»,- նշեց Մանուկյանը: 

Նախորդ հոդվածը‘Հայաստանում տեղի կունենա Երևանի միջազգային կոմունիկացիաների բիենալեն’
Հաջորդ հոդվածը‘Վահան Վարդապետյան. Քաղաքական աշունը ժամանակի ընթացքում ավելի կթեժանա’