‘Մանուկյան. Հուշարձանների հաստատման գործընթացը վերադարձնել ԱԺ-ին (Տեսանյութ)’

1459

ԱԺ-ում «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն իր ելույթը սկսեց մի զավեշտալի օրինակ բերելով: Նա նշեց, որ Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին մի հետաքրքիր պատմամշակութային հուշարձան կար, որը Հայաստանի անաշարժ հուշարձանների մաս էր կազմում, եւ, ահա, մի օր, Լոռվա մարզի նախկին մարզպետը որոշում է, որ այն լավ տեղում չէ կանգնեցված, եւ որպեսզի «լավ» մատուցեն այն ժողովրդին, «խելացի» նախկին մարզպետի որոշմամբ հուշարձանը տեղափոխվում է մի քանի հարյուր մետր ներքեւ:

«Սա հուշարձանային վայրագության օրինակ է, երբ իշխանավորի խելքը չի հասնում, որ մշակութային արժեքի տեղափոխումը խաթարում է այդ արժեքի էությունը»,- նշեց Մանուկյանը: Նա հիշեցրեց, որ այդպիսի բազմաթիվ օրինակներ կան Երեւանում, երբ քանդվել կամ տեղափոխվել են բազմաթիվ մշակութային արժեքներ, իսկ տեղափոխվածների մի մասի դեպքում էլ ուղղակի կորցրել են քարերը: «17-18 դարերի առումով Երեւանը աղքատ է, եւ այդ շրջանի մշակութային արժեքների մի մասը կորցրել ենք: Մշակութային օբյեկտները հանձնվում են ոչ մշակութային օբյեկտներին: Օրինակ՝ Սարդարապատի թանգարանը մշակույթի նախարարությունից տվեցին ՊՆ-ին, հիմա՝ Մարզահամերգային համալիրը տվեցին ՊՆ-ին: ՊՆ է որոշելո՞ւ Հայաստանում մշակութային քաղաքականությունը: Չի՛ կարող, դա իր ֆունկցիան չէ, համալիրը մշակութային հուշարձան է, կարող է նա շատ փող ունի, բայց նա իրավունք չունի Հայաստանում մշակութային քաղաքականություն իրականցնել: Ախր սիրտդ պիտի ցավի, որ դու դա հասկանաս: Գործադիրը խեղճ է, եթե ղեկավարը չի հասկանում, ապա փակ շուկան կդարձնեն սուպերմարկետ: Որպեսզի այդպիսի բաներ տեղի չունենան, եկեք այդ հուշարձանների հաստատման գործընթացը վերադարձնենք ԱԺ-ին, որ որեւէ պաշտոնյայի մտքով չանցնի փոփոխություններ անել: Իսկ եթե անցնի, թող գա այստեղ:  

Եվրոպայում փողոցում գտնվող շենքի պատուհանը չես կարող փոխել, որովհետեւ դա մշակութային արժեք է եւ պահպանվում է: Մշակութային օբյեկտների պաշտպանությունը այդ երկրի քաղաքակրթության աստիճանի մասին է վկայում: Որքան խստացվի մշակութային արժեքների պահպանությունը, էդքան մենք կողմ կլինենք»,- եզրափակեց Մանուկյանը:  

 

 

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. «Ցանկացած ֆուտբոլիստ պետք է հասկանա, որ ինքն է առաջատարը» (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեը, ԲՀԿ-ն եւ «Ժառանգությունը» բոյկոտում են ԱԺ հաշվիչ հանձնաժողովի աշխատանքները’