‘Մանուկյան. Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն չկա (տեսանյութ)’

763

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր շարունակվել են Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի վերաբերյալ քննարկումները, որին այս անգամ մասնակցել են նաեւ կուսակցությունների ներկայացուցիչներ: Հայ ազգային կոնգրեսից քննարկմանը այսօր ներկա են եղել փոխնախագահ Արամ Մանուկյանն ու Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը, ովքեր սակայն, անհամաձայնություն հայտնելով սահմանադրական փոփոխությունների գաղափարին՝ որպես անհամաձայնության նշան՝ լքել են դահլիճը:

Մինչ դահլիճը լքելը փոխնախագահ Արամ Մանուկյանը կարճ ելույթ է ունեցել, որտեղ նշել է, որ Հայաստանին սահմանադրական փոփոխություններ պետք չեն: «Որովհետեւ մենք գտնում ենք, որ այսօր Հայաստանում չկա սահմանադրական փոփոխությունների պահանջ, չկա փոփոխությունների քաղաքական պահանջ, գտնում ենք, որ այսօր Հայաստանում չկա սահմանադրական ճգնաժամ, այդ իսկ պատճառով չկա սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն: Այս փոփոխությունները միայն իշխող ուժի խնդիրներն են լուծում. իշխանությունը պահելու խնդիր կա այս փոփոխությունների հիմքում եւ մենք կարծում ենք, որ այն իշխանությունը, որը ձախողել է գրեթե բոլոր լուրջ մարտահրավերները բոլոր բնագավառներում եւ առավելեւս այսօր, երբ Հայաստանը գտնվում է դեմոգրաֆիական աղետի առաջ, Հայաստանի բնակչությունը մեծ արագությամբ շարունակում է արտագաղթել, այս փոփոխությունները ուղղակի հասարակությանը հիմնական խնդիրներից շեղելու միջոց են: Մենք հայտարարում ենք, որ այսուհետ չենք մասնակցելու սահամանադրական փոփոխությունների թեմայով որեւէ քննարկման»,- ասել է Մանուկյանը: 

Նախորդ հոդվածը‘Քաղաքացին դատապարտվել է 9 ամսվա ազատազրկման Թուրքիայի սահմանը հատելու համար’
Հաջորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ն հայտարարել է աշխարհի առաջնության մրցավարների ցուցակը’