‘Մանուշակ Տիտանյան. Գանձասարի սալիկապատումն սկսվել է թաքուն, մառախլապատ օրերին’

1373

Ես Գանձասարի պարսպի սալիկապատման աշխատանքների վերսկսման փաստին, իհարկե, վատ եմ վերաբերվում, առաջինը՝ որպես ճարտարապետ, երկրորդը՝ որպես հայ: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պատմական հուշարձանների ճարտարապետների հայկական ասոցիացիայի վարչության անդամ, ՀՀ ճարտարապետների միության անդամ Մանուշակ Տիտանյանը:

«Ինչ վերաբերում է նրան, որ համապատասխան վարչությունը տեղյակ չէր, որ սալիկապատումը վերսկսվել է, նրանք բառիս բուն իմաստով թաքուն, մառախլապատ օրերին սկսել են աշխատել, իրենք երևի 10 օր է, որ գործ են անում էնտեղ, նոր են սկսել»,- ասաց Տիտանյանը:

Ի դեպ, այսօր նա այս դեպքի առնչությամբ նամակ է գրել, որը ներկայացնում ենք ստորև.

«Մի տարուց մի փոքր ավելի է անցել այն օրից, երբ Գանձասարի երեսապատման խայտառակ պատմության առաջացրած բուռն կրքերի ալեկոծությունից հետո հրապարակեցի ճարտարապետիս և քաղաքացուս մտորումները փաստի վերաբերյալ: 

Այն ժամանակ միամտաբար կարծեցինք, թե պետությունը և ակտիվ մտավոր հասարակությունը համատեղ ջանքերով հաղթանակ են տարել տգիտության, անճաշակության և անօրինության դեմ: Բայց պարզվում է, որ ոչ:

Աշնան մառախլապատ ու ցուրտ օրերին նենգաբար և գողեգող վերսկսվել է ծաղրուծանակը Գանձասարի շքեղ վանքային համալիրի նկատմամբ: Հավանաբար՝ հույս ունեին, թե ձմռանը ոչ ոք չի այցելի սրբատեղին, և աննկատ իրենց սև գործը կավարտեն:

Այսքանից հետո արդեն հույս էլ չկա, թե ինչ-որ բան կարելի է անել: Պարզվում է, որ մեր ավանդական և ազգային արժեքները մենք ի վիճակի չենք պաշտպանել, քանզի դրանում շահագրգռված չեն ոչ իշխանավորները, ոչ էլ, ցավոք սրտի, եկեղեցականները (բայց ոչ եկեղեցին): 

Այսօր նորից կանգնել ենք կոտրած տաշտակի առջև, ուր իրենց կեղտոտ լվացքն են անում անդեմ ու օտարամոլ բարերարները:

Նախորդ նամակում աշխատել եմ չանձնավորել տեղի ունեցածը: Բայց հիմա վերջնականապես պիտի ասեմ իմ կարծիքը, որ նման բարերարությունը թքած ունի թե՛ պետության, թե՛ հասարակության վրա: 

Բարերարը սկզբունքորեն որոշել է երեսապատել վանքը` հաստատելու իր գերիշխանությունը հայկական երկու պետությունների նկատմամբ, որոնք որոշում էին ընդունել խայտառակությունը դադարեցնելու վերաբերյալ:

Ես հույս ունեմ, որ Աստված մեզ կօգնի: Դրանց արած անորակ երեսապատումը երկար չի ապրի: Իսկ երբ այս գործի տերերը կհայտնվեն Աստծո դատաստանի առաջ՝ իրենց արած «մեծ գործերի» համար, մեր զավակները կշտկեն, կվերականգնեն այլանդակվածը, իսկ բարերարների երբեք չեն էլ հիշի, որ իզուր նրանց մասին վատ բան չխոսեն: Տերը մեզ հետ: Ամեն»:

 

Նախորդ հոդվածը‘London Chess Classic՝ Արոնյան – Անանդ. Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանի ԱԳՆ. Ադրբեջանի տարածքը երրորդ երկրների վրա հարձակման համար փակ է’