Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» կխզի պայմանագիրը Պորտուգալիայի հավաքականի 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ, հաղորդում է բրիտանական Daily Mail-ը։ Պատճառը Ռոնալդուի սկանդալային հարցազրույցն է բրիտանացի հեռուստալրագրող Պիրս Մորգանի հետ։
Մանչեսթերյան ակումբն արդեն սկսել է իրավաբանական քայլերը, որպեսզի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնությունից հետո Ռոնալդուն չվերադառնա հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմ։
«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնական կայքում հայտնել էր, որ համապատասխան քայլեր է ձեռնարկել՝ ի պատասխան Ռոնալդուի հարցազրույցի, սակայն մինչեւ գործընթացի ավարտը մանրամասներ չեն նշվի։
Այս շաբաթ ակումբը «Օլդ Տրաֆորդ» ստադիոնի դիմապատից հեռացրել էր Ռոնալդուի պատկերը։
«Մանչեսթեր Յունայթեդում» վստահ են, որ Ռոնալդուն խախտել է աշխատանքային պայմանագիրը՝ հրապարակային քննադատության ենթարկելով ակումբին եւ աշխատակիցներին։ Սրա հիման վրա ակումբը կարող է փոխհատուցում չվճարել ֆուտբոլիստին պայմանագրի վաղաժամ խզման համար։ Ռոնալդուն նախատեսվածից 18,4 միլիոն եվրո քիչ կստանա։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։
Ռոնալդուն հայտարարել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» դավաճանել է իրեն եւ ինքը չի հարգում Էրիկ տեն Հագին, քանի որ նա էլ իրեն չի հարգում։
Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ռոնալդուն մասնակցել է 10 հանդիպման, խփել 1 գոլ։