‘
«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը լրջորեն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի ծառայություններով: Այս մասին տեղեկացնում է «AS» պարբերականը` հղում կատարելով իտալական «La Gazzetta dello Sport» թերթին:
Անգլիական ակումբի ղեկավարությունը վերջնական որոշում կայացնելու համար Կարլո Անչելոտիին մինչև ապրիլի 30-ը ժամանակ է տվել: Հավանական գործարքի վերաբերյալ այլ մանրամասներ չեն նշվում:
Հիշեցնենք, որ Անչելոտիի` «Ռեալի» հետ գործող պայմանագիրն ուժի մեջ կմնա մինչև 2016 թվականը, սակայն Իսպանիայում չեն բացառում` եթե իտալացի մասնագետն այս մրցաշրջանում չկարողանա տիտղոս նվաճել, կհեռացվի աշխատանքից:
Իսպանիայի առաջնության ավարտից 10 տուր առաջ «Ռեալը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը` առաջատար «Բարսելոնային» զիջելով 4 միավորով, իսկ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում մրցելու է «Ատլետիկոյի» հետ:
‘