‘Մանրամասներ Կոմիտաս 5-ից. Թեժ իրավիճակ. Տեսանյութ’

6391

Այսօր՝ վաղ առավոտից Կոմիտասի 5 հասցեում կրկին ոստիկաններ են հավաքվել, ինչը բնակիչների մոտ կասկածներ է առաջացրել, թե տարածքում կվերսկսեն շինարարական աշխատանքները: Հիշեցնենք, որ հարակից շենքի բնակիչները պայքարում են վերոնշյալ հասցեում բնակելիի կառուցման դեմ: Այսօր 10:00-ի սահմաններում բնակիչները տեսել են, որ ոստիկաններին աստիճանաբար միանում են մեծ թվով հատուկ ջոկատայիններ, ովքեր տարածքի չորս կողմերում ուժեղացված հսկողություն են իրականացնում: Epress.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ շինարարությունը վերսկվելուց հետո բնակիչներից մեկը մոտեցել է ոստիկանների գործողությունները ղեկավարող փոխգնդապետ Կարեն Մովսիսյանին և խնդրել է միջամտել ու դադարեցնել փորող տրակտորի աշխատանքները, քանի որ Կոմիտաս 5-Ա շենքը դղրդոցից ցնցվում է: Մովսիսյանը խորհուրդ է տվել զանգահարել ԱԻՆ և օգնություն խնդրել, ինչից հետո կինը հեռացել է:

 Ավելի ուշ բնակիչներին են միացել նաև քաղաքացիական ակտիվիստները, ովքեր դարձյալ պահանջել են դադարեցնել շինարարությունը: Հիշեցնենք, որ երկու օր առաջ կառուցապատողի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, շինարարությունը պետք է դադարեցվեր 5 օրով մինչև նոր, փոփոխված շինարարական փաթեթ ներկայացնելը:

Բնակիչներն ու ակտիվիստները, տեսնելով, որ իրենց հորդորներին ոչ ոք ուշադրություն չի դարձնում, քայլել են մինչև Վաղարշյան-Կոմիտաս խաչմերուկ և ձեռք-ձեռքի տված՝ փակել փողոցը:

Ակցիայի մասնակիցները թույլ չեն տվել մեքենաներին անցնել, հորդորելով միանալ իրենց ակցիային: Վարորդները միացրել են ազդանշանները՝ իբրև համաձայնության նշան: Սակայն վարորդներից մեկը ուղղակի քշել է ակտիվիստների վրա, ովքեր մեծ դժվարությամբ փախել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի անիվների տակից:

Նշենք նաև, որ ավելի ուշ հատուկ ջոկատայիններից ոմանք վարորդներին հորդորել են կանգ չառնել ու առաջ ընթանալ՝ առանց հաշվի առնելու  պատ կազմած ցուցարարներին:

Մոտ 10-15 րոպե անց խաչմերուկում երթևեկությունը կաթվածահար է եղել, իսկ ակցիայի մասնակիցները ոչ մի փոխզիջման չեն գնացել: Քիչ ուշ՝ Կոմիտասի 5 հասցեում հսկողություն իրականացնող ոստիկաններն ու հատուկ ջոկատայինները հասել են ակցիայի վայր, որտեղ ուժով փորձել են ակտիվիստներին  դուրս բերել փողոցից: Մի քանի րոպե քաշքշուկից հետո ակտիվիստներն արդեն փակել են Կոմիտասի պողոտան:

Ոստիկանները փորձել են բերման ենթարկել ակտիվիստ Եղիա Ներսիսյանին, քաշքշոցի ընթացքում վատացել է ակտիվիստի ինքնազգացողությունը: Նրան տեղափոխել են մայթ ու օգնություն են ցուցաբերել:

Մի քանի րոպե անց ակտիվիստները անցել են փողոցը ու քայլելով շարժվել դեպի Կոմիտասի 5, սակայն մինչ նշված հասցե հասնելը  նկատել են, որ հատուկ ջոկատայինները մեծ խմբով վազում են իրենց ուղղությամբ: Հասնելով ակցիայի մասնակիցներին՝ ոստիկաններն ու հատուկ ջոկատայինները բռնել են Ներսիսյանին ու մտցրել ոստիկանական մեքենայի մեջ:

Ակտիվիստներն ու բնակիչները փակել են ոստիկանական մեքենայի ճանապարհը, նրանից մի քանիսը պառկել են անիվների տակ, սակայն վերջիններիս ուժով հեռացրել են փողոցից: Ոստիկանները մեքենայով, որի մեջ Եղիա Ներսիսյանն է եղել, հեռացել են: 

 

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի նախագահը հաստատել է երկրի եվրոպական ինտեգրացիայի կուրսը’
Հաջորդ հոդվածը‘Կոպենհագենում նշվել է «Ջրահարսի» 100-ամյակը’