‘Մաշտոցի պողոտայի դեպքերի կապակցությամբ քրգործ է հարուցվել’

1535

Ոստիկանությունը այսօր հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, թե «փետրվարի 12-ին՝ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքի առիթով նախապատրաստված նյութերով 13.02.2014թ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն»: Այսինքն, ոստիկանությունն իր սովորական դարձած գործելաոճի մեջ է նորից: Հանցագործների դեմ պայքարելու փոխարեն` ընդդիմադիր ակտիվիստների դեմ է պայքարում: 

Ինչ վերաբերում է լրագրող Անի Գևորգյանի այն հայտարարությանը, որ իր նկատմամբ ոստիկանության Կենտրոնականի բաժնում կատարվել են անօրինական գործողություններ՝ մասնավորապես Կենտրոնի բաժնի պետը ապտակել է լրագրողին եւ խլել տեսախցիկը, ապա ոստիկանության պետի կողմից այդ առնչությամբ նշանակվել է ծառայողական քննություն: Իսկ թե որքան կտեւի այդ ծառայողական քննությունը, եւ ինչ «կպարզեն» ոստիկանները, կարող ենք կռահել` հաշվի առնելով մինչ այս ոստիկանության կողմից ցուցաբերված վարքը:  

Հավելենք, որ ոստիկանության հայտարարությունից արդեն իսկ երեւում է կողմնապահություն, քանի որ հայտարարության սկզբում նշում են, թե. «Փետրվարի 12-ին, ժամը 18.15-ի սահմաններում, Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 7/1 հասցեի մոտակայքում` մայթին, մի խումբ անձինք կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և հասարակության` անցորդների, փողոցով երթևեկող անձանց նկատմամբ արտահայտելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, միմյանց նկատմամբ բռնություն գործադրելով, կատարել են խուլիգանություն»: Այսինքն, մարտի մեկին կայանալիք հանրահավաքի իրազեկումն ու հայկուլիկների կողմից կատարված բացահայտ խուլիգանությունը ոստիկանները դրել են նույն հարթության մեջ: 

Նախորդ հոդվածը‘Լրագրողական կազմակերպությունների կոչը`լրագրողների աշխատանքը խոչընդոտելու կապակցությամբ ‘
Հաջորդ հոդվածը‘«Որսորդը» ֆիլմը ներառվել է ԱՄՆ և Ֆրանսիայի կինոփառատոնների մրցութային ծրագրերում’