‘
Մաուրիցիո Սարին պատասխանել է լրագրողների հարցերին։ Սկզբում մարզիչը խոսեց մեկնարկային կազմում Ազարի հայտնվելու մասին։ Անցած հանգստյան օրերին «Արսենալի» հետ խաղում բելգիացին դուրս եկավ փոխարինման և կատարեց վճռորոշ գոլային փոխանցումը. «Ես չգիտեմ, իմ կարծիքով Էդենը պատրաստ է խաղալ 50-60 րոպե, բայց կարող է ընդգրկվել մեկնարկային կազմում։ Ուրախ եմ, որ նա ուզում է խաղալ»։
Ակումբում Ազարի մնալու մասին. «Կարծում եմ՝ նա կմնա, որովհետև ես շատ լավ թիմ եմ մարզում, մեծագույն ակումբ, և չենք կարող այդպիսի կարևոր խաղացողներին վաճառել՝ չիմանալով, թե կարո՞ղ ենք համարժեք փոխարինողներ գտնել»։
Մեկնարկային կազմում Կովաչիչին ներգրավելու մասին. «Իմ կարծիքով Մատեոն և Էդենը լավ հանդես եկան անցած խաղում, բայց այդ պահին նաև նվազել էր խաղի ինտենսիվությունը։ Էդենի պես Մատեոն էլ է պատրաստ հանդես գալ 60-65 րոպե։ Ինձ շատ է դուր գալիս այդ խաղացողը, ուստի հուսով եմ, որ հետագայում էլ կմնա այստեղ»։
«Արսենալի» հետ խաղում պահեստայինների կազմում Լոֆտուս—Չիկի բացակայության մասին. «Դա բացառապես մարտավարական որոշում էր։ Ըստ դիրքի՝ պահեստայինների նստարանի համար ընտրեցի երկու եզրային կիսապաշտպանի և միայն մեկ կիսապաշտպանի։ Այս շաբաթ երկու անգամ խոսել եմ Ռուբենի հետ՝ ակումբի ներկայացուցիչների հետ քննարկումներից հետո։ Իմ կարծիքով նա կմնա, մենք կրկին կքննարկենք այդ հարցը, բայց՝ դեկտեմբերին»։
Անգլիայի և Իտալիայի առաջնությունների տարբերությունների մասին. «Պրեմիեր լիգան ավելի ծանր առաջնություն է, բայց ինձ համար՝ գերադասելի»։
Պաշտպանությունն ուժեղացնելու համար լրացուցիչ աշխատանք կատարելու մասին. «Ես չեմ անհանգստանում պաշտպանական գծի համար, որովհետև երբ գալիս եմ նոր թիմ, այդպիսի խնդիրների բախվում եմ 2-3 ամիս։ Իմ կարծիքով դա նորմալ է։ Թիմը չի խաղա 5 պաշտպանով, որովհետև աշխատում ենք պաշտպանվել՝ ուշադրություն դարձնելով միայն գնդակին։ Եթե թիմը խաղա 5 պաշտպանով, ապա անմիջապես տարածություն կկորցնի դաշտում։
Գարի Կեհիլի մասին. «Հիմա պաշտպանների համար ավելի դժվար է հանդես գալ իմ թիմում 20-օրյա մարզումներից հետո։ Հարձակման գծի խաղացողների համար ավելի հեշտ է, ուստի հիմա Գարին ավելի շատ պետք է մարզվի մեզ հետ։ Ես ասել եմ նրան, որ պետք է համբերի, նա շատ կարևոր խաղացող է։
‘