‘Մաուրիցիո Սարի. Ամենակարևորը «Չելսիի» գլխավոր մարզչի մասին’

1255

‘

Պեպ Գվարդիոլայի կարծիքով Սարին լավագույններից մեկն է: Իտալացին խոստացել է ուրախությունը վերադարձնել «Չելսի», բայց ինչ է իսկապես պետք իմանալ Մաուրիցիո Սարիի մասին:

Իտալացի մասնագետը գլխավորեց «Չելսին» հուլիսի 14-ին, երեք տարի «Նապոլիում» անցկացնելուց հետո: Սարին լուրջ պայքար մղեց «Յուվենտուսի» հետ չեմպիոնական տիտղոսի համար և ճանաչվեց տարվա լավագույն մարզիչն Իտալիայում:

Ի՞նչ է նա բերելու Պրեմիեր Լիգա: Ինչքա՞ն լավն են նրա արդյունքները և ինչպե՞ս է խաղալու «Չելսին» նրա գլխավորությամբ: Փորձենք հասկանալ:

Սարիի արդյունքները

Իտալիայի ցածր դիվիզիոններում աշխատելուց հետո, Սարին վերադարձավ իր հարազատ քաղաք՝ Նեապոլ, որտեղ էլ վաստակեց իր համբավը:

«Նապոլիի» հետ երեք մրցաշրջանում Սարին երկու անգամ զբաղեցրեց երկրորդ տեղը և մեկ անգամ երրորդ: 2015/16 մրցաշրջանում թիմն առաջին անգամ վերջին 26 տարվա մեջ դարձավ ձմեռային չեմպիոն, 2016/17-ից 2017/18 մրցաշրջանները հաղթեց 13 խաղում անընդմեջ:

Սարիին չհաջողվեց ընդհատել «Յուվենտուսի» իշխանությունը, բայց 2016/17թթ. նա արժանացավ տարվա մարզիչ մրցանակին:

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ասել էր, որ «Սարիի թիմը խաղում է ամենահաճելի ֆուտբոլը Եվրոպայում:

Խաղաոճը

Սարին ամբողջովին մանրուքների մեջ է:

«Չելսիի» նախկին կիսապաշտպան Նատանիել Չալոբան խաղացել է «Նապոլիում» վարձավճարով և բացատրել է, թե ինչպես է ստացվում, որ ֆուտբոլիստները լավ են խաղում Սարիի գլխավորությամբ:

«Խաղալ նրա ղեկավարությամբ շատ հեշտ է, քանի որ նա մանրակրկիթ բացատրում է այն ամենն, ինչ պետք է իմանա ֆուտբոլիստը», – ասել է Չալոբան The Totally Italian Football Show-ին:

«Դուք կարող եք լինել աջ պաշտպան, և ուզում եք իմանալ թե ով է ձեր անմիջական մրցակիցը: Մարզիչը կասի ձեզ»:

«Մեզ հաջողվեց Չեմպիոնների Լիգայի խաղարկության ուղեգիր նվաճել: Հրաշալի մրցաշրջան ստացվեց, քանի որ իմանալով բոլոր մանրուքները մենք յուրաքանչուր խաղի լիովին պատրաստ էինք»:

Ժորժինյոն, որը «Նապոլիից» տեղափոխվել է «Չելսի», նույն կարծիքին է:

«Նա հրաշալի աշխատանք է կատարում, նա գերազանց հասկանում է, թե ինչ է կատարվում խաղադաշտում»:

«Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին անվանել է Սարիին հանճար:

«Նա տեսնում է այնպիսի բաներ, որոնք մյուսները չեն տեսնում: Նա օգնում է հասկանալ ձեզ թե ինչ է ֆուտբոլը»:

«Չելսիի» մեկնարկային կազմը

«Ուրախություն». Սարիի առաջին բառերից մեկն է «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնում:

Անտոնիո Կոնտեի ժամանակ «Չելսին» խաղում էր 3-4-3 դասավորությամբ, «Նապոլիում» Սարին խաղում էր 4-3-3 դասավորությամբ: Մնում է տեսնել, թե ինչպես է լինելու «Չելսիում»:

Հաշվի չառնելով հավանական տեղափոխությունները, պաշտպանությունում լինելու են Մարկոս Ալոնսոն, Դավիդե Ձապակոստան, Սեսար Ասպիլիկուետան և Դավիդ Լուիզը: Կիսապաշտպանությունում պետք է լինեն Ժորժինյոն, Ն՛Գոլո Կանտեն և Սեսկ Ֆաբրեգաս/Տիմուե Բակայոկո/Ռուբեն Լոֆթուս-Չիկ եռյակից մեկը: Հարձակման գծում խաղալու են Էդեն Ազարը, Վիլիանը և Ալվարո Մորատան:

Սարին ասել է, որ թիմից ժամանակ կպահանջվի իր մեթոդները և փիլիսոփայությունն ընկալելու համար:

Սարիի օգնական, «Չելսիի» լեգենդար ֆուտբոլիստ Ջանֆրանկո Ձոլան, նույնպես կարծում է, որ համբերություն է հարկավոր:

«Համբերություն ունենալու դեպքում մեր երկրպագուները ստանալու են այն ինչ ուզում են: Ինձ դուր է գալիս Սարիի թիմերի ֆուտբոլը: Շատ կազմակերպված, լավ պաշտպանությամբ: Ինձ միշտ դուր են եկել նմանատիպ մարզիչները»:

Կարո՞ղ է Սարին պահել Կուրտուային և Ազարին

Սարիի հաջողության հնարավորությունները կարող են վտանգի տակ լինել, եթե «Չելսին» վաճառի իր առանցքային խաղացողներին այս ամառ:

«Բարսելոնան» երեք առաջարկ է արել Վիլիանի համար, իսկ «Ռեալը» հետաքրքրված է Տիբո Կուրտուայի և Էդեն Ազարի ծառայություններով:

«Միանշանակ մենք անելու ենք ամեն ինչ ուժեղագույն ֆուտբոլիստներին պահելու համար: Սա ցանկացած մարզչի, ցանկացած ակումբի ցանկությունն է», – ասել է Սարին:

«Ես ցանկանում եմ հանդիպել այդ ֆուտբոլիստներին, խոսել նրանց հետ և հասկանալ ինչը լավ կլինի բոլորի համար: Բացի այդ ես ցանկանում եմ աշխատել նրանց հետ խաղադաշտում՝ իրավիճակն ավելի լավ հասկանալու համար»:

«Ազարը շատ բարձրակարգ ֆուտբոլիստ է: Նա Եվրոպայի երկու-երեք լավագույն ֆուտբոլիստներից մեկն է»:

Լինելու՞ է արդյոք թատերական ներկայացում տեխնիկական գոտում

Վերջին երկու մրցաշրջանում «Չելսիի» խաղերը դիտելու պատճառներից մեկն էր Կոնտեի պահվածքը: Ինչ էլ որ չաներ Կոնտեն, ուշադրությունը միշտ նրա վրա էր:

Սարին շատ մանրակրկիթ է իր նախապատրաստական աշխատանքում, բայց խաղի ժամանակ էմոցիոնալ չէ: Նրանց ժամանակին ուղարկել են տրիբունա, բայց, ի տարբերություն Կոնտեի, նա դիտում է խաղը նստած:

Խաղադաշտից դուրս Սարին մասնակցությամբ մի քանի միջադեպ է եղել: Թուրինում նա վիրավորական ժեստ է արել «Յուվենտուսի» երկրպագուների ուղղությամբ: Խնդիրներ է ունեցել իր ֆուտբոլիստների հետ և սեքսիստական բնույթի արտահայտություն է արել կին լրագրողների հասցեին: Նա նաև տուգանվել է և երկու խաղով որակազրկվել է Ռոբերտո Մանչինիի հասցեին հոմոֆոբիկ արտահայտություններ անելու համար:

‘

Նախորդ հոդվածը‘Մոուրինյոյի դժգոհությունները կարող են ճգնաժամի հասցնել’
Հաջորդ հոդվածը‘Հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայում’