‘«ՄԱՊ»-ի Ալիկը դատախազի համար բանկետ է կազմակերպել՝ որդուն ազատելու համար. Դավիթ Մելիքյան’

1549

ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Պետրոսյանը («ՄԱՊ»-ի Ալիկ) մարզային դատախազին, վարչության պետին, մի շարք պաշտոնյաների բերել է բանկետի: Այս մասին iLur.am-ին հայտնեց սեպտեմբերի 9-ին Բամբակաշատ գյուղում մի խումբ անձանց կողմից դաժան ծեծի ենթարկված Արամ Մելիքյանի հորեղբայրը՝ Դավիթ Մելիքյանը:

«Գործարանի աշխատողներից մեկն է ինձ ասել: Հիմա դա որքանով է հավաստի, որքանով չէ, չեմ կարող ասել, բայց փաստ է, որ նրա տղան՝ Մակարը, որը ծեծկռտուքի հիմնական կազմակերպիչն է եղել, ազատության մեջ է: Առաջին ծեծողը, խփողն ինքն է եղել»,- ասաց Մելիքյանը:

Մեր հարցին, թե ի՞նչ առիթով է բանկետ կազմակերպվել, նա պատասխանեց, թե դա հավանաբար իր որդուն փրկելու, ազատելու համար է արվել: Դավիթ Մելիքյանի փոխանցմամբ՝ այս գործով կալանավորված Զոհրաբ Ե.-ն Մակար Պետրոսյանի ընկերն է: Զոհրաբը ոստիկանությունում ասել է, թե ինքն է խփել, Մակարն էլ իբր բաժանել է, բայց տուժողի հորեղբոր պնդմամբ՝ առաջինը Մակարն է մոտեցել, զենքի կոթով խփել, հետո մեքենայի մեջ «սամասուդ» են արել: 

«Էդ երկու հոգուն կալանավորել են, մնացածը ազատության մեջ են, ոստիկանությանը հարցնում ենք՝ ինչու մյուս մասնակիցներին չեն ձերբակալում, ասում են փախուստի մեջ են: Մակարի մասին էլ խոսք չկա, գնում, հարցազրույցներ է տալիս»,- մեզ հետ զրույցում ասաց Դավիթ Մելիքյանը՝ բողոքելով քննության ընթացքից:
Նա նշեց նաև վստահված անձանցից մեկին՝ Արման Ս.-ին նույն օրը ծեծի ենթարկելու դեպքը:

«Հանձնաժողովի աչքի առաջ ծեծել են նրան: Ոչ ոքի ոստիկանությունը առ այսօր չի կանչում հարցաքննության: Հանձնաժողովի նախագահն է զանգել շտապօգնություն, ասել էստեղ մարդ են սպանում, հետո տեղափոխել են Արմավիրի բժշկական կենտրոն»:

Հիշեցնենք, որ «ՄԱՊ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մակար Պետրոսյանը հերքել է իր մասնակցությունը Արմավիրի մարզի Բամբակաշատ համայնքում տեղի ունեցած միջադեպին։

Նախորդ հոդվածը‘Ժիրինովսկին հորդորում է հայ օլիգարխներին «ժլատություն չանել» եւ օգնել հայկական բանակին ‘
Հաջորդ հոդվածը‘Սուդանում ցուցարարները ներխուժել են ԱՄՆ դեսպանատան տարածք’