‘Մասնավոր գերեզմանոցներ Հայաստանում. Նոր օերնքով առաջարկվում է ներմուծել մասնավոր գերեզմանոցների ինստիտուտ’

1517

«Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ներմուծել մասնավոր գերեզմանատների ինստիտուտ: Այս մասին Ազգային ժողովի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումների ժամանակ ասել է պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

«Նախագիծը օրինական հիմքերի վրա կդնի մասնավոր գերեզմանատների գործունեությունը: Մրցակցությունը կբերի ավելի մատչելի գների, և ամենակարևոր խնդիրն այստեղ կոռուպցիոն ռիսկերի նվազեցումն է»,- «Արմենպրեսի» հաղորդմամբ` ասել է Մարգարյանը:

Նրա խոսքով` մասնավոր գերեզմանատների շահագործման գաղափարը լուրջ արդյուքներ կտա: «Դեպքեր կան, երբ մարդն իր սեփական հողի վրա է հուղարկավորել իր բարեկամին, հիմնականում այդպես գյուղական վայրերում է լինում: Իսկ դա ապօրինի է»,- շեշտեց Մարգարյանը:

Հեղինե Բիշարյանն էլ շեշտեց, որ գերեզմանատների կառավարումը չպետք է վերածվի ինչ-որ մեկի մասնավոր բիզնեսի: «Մենք առաջարկում ենք մի ամբողջական համակարգ ստեղծել: Ես դեմ եմ, որ սա վերածվի ինչ-որ մեկի ախորժակի բացմանը, մենք սրանով կարևոր խնդիր ենք լուծում: Եկե’ք խումբ կազմենք և այցելենք գերեզմանները: Ես ուզում եմ, որպեսզի արժևորենք մեր հարազատների հիշատակը»,- նշել է Բիշարյանը:

«Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքով սահմանվում է, որ գերեզմանոցները կարող են լինել պետական և համայնքային: Մահացածի մարմինը հողին հանձնելու համար տրամադրվում է գերեզմանատեղ` մեկ տեղի հաշվով` 2,5 քառ. մետր մակերեսով, իսկ ընտանեկան գերեզմանի կազմակերպման համար`12 քառ. մետր:

Նոր նախագիծը կնպաստի հուղարկավորությունների կազմակերպման ոլորտում մատուցվող ծառայությունների բարձրացմանը, առկա կոռուպցիոն ռիսկերի կրճատմանը: Մասնավոր գերեզմանոցներ գործում են նաև եվրոպական երկրներում:

Ներկայում միայն Երևանում առկա է 21 գերեզմանատուն, որոնցից տասնմեկը փակ են, այսինքն` չկան նոր գերեզմանատեղեր, իսկ տասը բաց են:

Մասնավոր գերեզմանատների համար տարածքներ առանձնացնելու համար պետք է հաշվի առնել ազատ հողերի մակերեսից բացի՝ հարակից համայնքների բնակչության թվաքանակը, կյանքի միջին տևողությունը, մահացության ցուցանիշները, այլ գերեզմանատների առկայությունը, նաև ծառայությունների սակագների և բնակչության կենսամակարդակի հարաբերակցությունը:

Նախորդ հոդվածը‘Կապանում ներկայացվեց Սյունիքի մարզպետի պաշտոնակատարը’
Հաջորդ հոդվածը‘Պետրոս Ղազարյան. Գալուստ Սահակյանը մնաց Գալուստ Սահակյան, իսկ թուրքերն ու Թուրքիան փոխվեցին’