‘
Վարորդների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է տաքսիների համարանիշների գունափոխման խնդիրներին:
Նրա խոսքով՝ մի քանի տարի առաջ տաքսիների համարանիշների սպիտակը գույնը փոխարինվել էր դեղինով: Այն ենթադրում էր լիցենզիայի և սպասարկող վարորդի բուժզննման առկայություն, իսկ ողևորներն առավել վստահություն էին տածում դեղին համարանիշներ ունեցող տաքսիների նկատմամբ:
Այժմ կառավարության որոշմամբ՝ դեղին համարները պետք է փոխարինվեն սպիտակով, իսկ լիցենզիայի առկայության մասին կհուշի միայն ավտոմեքենայի ետնամասում փակցված ստիքերը: Սակայն ստիքերի առկայությունը չի պարտադրում, որ վարորդներն անցնեն բուժզննում:
Տիգրան Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ նման որոշումը դժգոհություն է առաջացրել օրինական դաշտում աշխատող վարորդների շրջանում, քանի որ գունային տարբերության վերացումը թույլ է տալիս ցանկացած մարդու, ով ունի վարորդական իրավունք, տաքսի վարել:
Թեպետ, միևնույն ժամանակ նա խոստովանեց, որ ոչ մի ծառայություն կամ հստակ մեխանիզմ չկա, որով հնարավոր է վերահսկել տաքսիների աշխատանքը. ով ունի ցանկություն և համապատասխան միջոցներ՝ կարող է տաքսի վարել:
Վարորդների միության նախագահը, պատասխանելով iLur.am-ի այն հարցին, թե ինչպես է վերահսկվում ուղեվարձը (երբ այն սահմանվում է վեց հարյուր դրամ՝ մինչև հինգ կիլոմետրը ներառյալ , և մեկ կիլոմետրի արժեքը՝ հարյուր դրամ, մինչդեռ իրականում 1 կմ-ի համար գումարը շատ ավելի է կազմում), ասաց, որ չկա ոչ մի վերահսկողություն:
Ըստ Հովհաննիսյանի՝ միակ լուծումը 100-ից մինչև 300 դրամ նստելավարձ սահմանելն է: Նա նաև նշեց, որ ուղևորափոխադրումների որակը կբարձրանա գծի տերերի կողմից օրավճարի վերացման շնորհիվ:
‘