Իլոն Մասքը հայտարարել է, որ կարելի էր խուսափել շատ ու շատ զոհերից, եթե երկրներն ընդունեին Ուկրաինայում հակամարտության կարգավորման իր պլանը, որը նա առաջարկել էր դեռ 2022 թվականին։
«Շատ մահերից կարելի էր խուսափել»,- այսպես է մեկնաբանել Մասքը ԱՄՆ-ից գործարար Դևիդ Սաքսի գրառմանը, որտեղ ասվում է, թե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հիմա ուզում է քննարկել Մասքի պլանը։
«Երբ անցյալ տարի Իլոնը հրապարակեց իր խաղաղության պլանը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այն անվանեց «ռուսաստանամետ», և այդ պլանը ամենակոշտ հարձակումների ենթարկվեց շատ հարթակներում։ Իսկ հիմա Բայդենի վարչակազմն ուզում է կայացնել այդ գործարքը»,- գրել է Սաքսը։
Մասքն առաջարկել էր ՄԱԿ-ի վերահսկողությամբ կրկնակի հանրաքվե անցկացնել ռուսաստանյան նոր շրջաններում, ճանաչել Ղրիմի պատկանելիությունը Ռուսաստանին, երաշխավորել նրա ջրամատակարարումը, ամրագրել Ուկրաինայի չեզոք կարգավիճակը։