‘
Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի գլխավոր մարզիչ Լուի վան Գալին մեղադրել է կոլումբացի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի կարիերային վնաս հասցնելու մեջ:
«Վան Գալը հզոր տղա չէ, նա մյուս վատ մարդկանցից շատ ավելի մոտ է սատանային: Եթե Ֆալկաոն մասնակցեր աշխարհի առաջնությանը, ապա Կոլումբիան առաջին անգամ կդառնար աշխարհի չեմպիոն: Ֆալկաոն ծանր վնասվածք տարավ: Տեղափոխությունը Ֆրանսիայից Անգլիա բարդ էր: Նրան անհրաժեշտ է հարմարվել»,- Մարադոնայի խոսքը մեջբերում էGօal.cօm-ը:
Հիշեցնենք, որ Ֆալկաոն վարձակալությամբ է «Մոնակոյից» տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Սակայն Վան Գալը գոհ չէ նրա խաղից եւ ֆուտբոլիստին տեղափոխել է ակումբի պահեստային թիմ:
Դիեգո Մարադոնան նաեւ մեղադրել է ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերին կոռուպցիայի մեջ՝ նրանից պահանջելով չմասնակցել կազմակերպության նախագահի ընտրություններին, որոնք նշանակված են մայիսի 29-ին:
«Բլատերը կոռումպացված է: Այդ մարդն ունի անսահմանափակ իշխանություն ֆուտբոլում, թեեւ կյանքում երբեք չի հարվածել գնդակին: Հորդանանի արքայազնից բացի, ոչ ոք չի կարող հաղթել Բլատերին»,- ասել է Մարադոնան:
ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում արգենտինացին աջակցում է կազմակերպության առաջին փոխնախագահ, Հորդանանի արքայազն Ալի բին Ալ Հուսեյնին: Բլատերից եւ Ալ Հուսեյնից բացի ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրվել են նաեւ Պորտուգալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն եւ Հոլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Միխայել վան Պրագը: 79-ամյա Բլատերը ՖԻՖԱ-ն գլխավորում է 1998 թվականից:
‘