‘Մարգվելաշվիլի. Վրաստանում Ռուսաստանը նույն կերպ չի գործի, ինչպես Ուկրաինայի դեպքում ‘

983

Ռուսաստանը Վրաստանի դեպքում նույն կերպ չի գործի, ինչպես, ենթադրաբար՝ գործում է Ուկրաինայի դեպքում, «Ռուսթավի 2» հեռուստատեսության եթերից հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: Նախագահի խոսքով՝ չպետք է մոռանալ, որ իրականում վրացական քաղաքական սպեկտրը՝ նրա մեծամասնությունը, վրաց հասարակությունն ընդհանուր առմամբ՝ ամուր կանգնած են հօգուտ եվրոպական ընտրության: «Մենք այս փուլում շատ ավելի պինդ ենք, քանի որ Վրաստանի տնտեսությունը, բարեբախտաբար թե դժբախտաբար՝ Ռուսաստանից կախված չէ: Այս դեպքում՝ բարեբախտաբար, քանի որ լծակներ չկան: Մենք ուզում ենք խորացնել տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ: Բայց և վրաց հասարակությունը չափազանց միաձույլ է մեր եվրոպական ընտրության հարցում, և դա շատ լուրջ պաշար է, որ մենք ունենք: Ելնելով նախկին փորձից՝ մենք հաշվարկել ենք ռիսկերը և պակասեցրել այն հնարավորությունները, որպեսզի ինչ-որ մեկը կարողանա ազդեցություն ունենալ մեզ վրա: Սխալ է ասել, որ եթե Ուկրաինայում դա տեղի ունեցավ, մեզ մոտ էլ տեղի կունենա: Կարելի է ասել՝ եթե Ուկրաինայում դա տեղի ունեցավ, ապա մենք պետք է շատ զգույշ լինենք և շեշտենք մեկ ուղղություն՝ հասարակության մոռեռնիզացիան, և ասոցացման համաձայնագիրը պետք է ստորագրենք մոտ ժամանակներս»,- ասել է Վրաստանի նախագահը, փոխանցում է Грузия-Online-ն:

 

Նախորդ հոդվածը‘Եվրամիությունը չի քննարկի Ուկրաինայի հարցը’
Հաջորդ հոդվածը‘Ըստ էներգետիկայի նախարարի Որոտանը դեռ չի վաճառվել, ՀԾԿՀ-ն, սակայն, այլ բան է հայտարարել ‘