‘
Մարդիկ մոլորվում են իրենց երկրում բնակվող մուսուլմանների թվի շուրջ, հղում անելով վերջերս կատարած հետազոտությանը, հաղորդում է The Guardian-ը:
Ipsos Mori ընկերության կողմից 2014թ. օգոստոսին 14 երկրներում կատարած հարցման ընթացքում պարզվել է, որ տարբեր երկրների քաղաքացիների ընդհանուր պատկերացումները իրենց երկրում բնակվող մուսուլմանների թվի վերաբերյալ բազմակի գերազանցում են իրական ժողովրդագրական տվյալները: «Չափազանցողների» հնգյակում են Ֆրանսիան, Բելգիան, Կանադան, Ավստրալիան և Մեծ Բրիտանիան: Շվեդիայի, Հունգարիայի, Հարավային Կորեայի, Լեհաստանի և Ճապոնիայի քաղաքացիները ստույգ թիվ են ներկայացրել:
Այսպես, ավստրալաացիների՝ իրենց երկրում բնակվող մուսուլմանների թվի վերաբերյալ պատկերացումները գերազանցել են իրական թիվը 9 անգամ: Իրենց կարծիքով, բնակիչների ընդհանուր թվի մեջ մուսուլմանները կազմում են 18 տոկոս: Իրականում, նրանց թիվը չի գերազանցում 2 տոկոսը: Նմանատիպ ցուցանիշներ են տրվել ամերիկացիների, կանադացիների, բելգիացիների և ֆրանսիացիների կողմից: Վերջիններիս կարծիքով, իրենց համաքաղաքացիների յուրաքանչյուր երրորդը մուսուլման է, թեև նրանց թիվը Ֆրանսիայում կազմում է ընդամենը 8 տոկոս: Բրիտանացիները կարծում են, որ մուսուլման է ամեն հինգերորդը, այնինչ իրականում` ընդամենը՝ յուրաքանչյուր քսաներորդն է:
14 երկրներում մուսուլմանների փաստացի թիվը կազմել էր մոտավորապես 3 տոկոս, սակայն, պատասխանների միջին ցուցանիշները կազմել են 16 տոկոս:
Ներգաղթյալների և գործազուրկների թվի ընդհանուր պատկերացումները նույնպես խիստ խեղաթյուրված են: Հատկապես վատատեսորեն են տրամադրված իտալացիները, որոնք կարծում են, թե իրենց երկրի բնակչության կեսը չի կարողանում աշխատանք գտնել` այն դեպքում, երբ գործազուրկ է բնակչության 12 տոկոսը միայն:
‘