‘Մարդու իրավունքների օրվա հայաստանյան քրոնիկոն ‘

1364

1948 թվականին դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան Փարիզի Շայո պալատում ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը (Universal Declaration of Human Rights, UDHR): Այն բաղկացած է նախաբանից և 30 հոդվածներից (հռչակագրի տեքստը), որտեղ ամրագրված են առանց որևէ տարբերակման բոլոր տղամարդկանց և կանանց պատկանող մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները։
1950թ., ի պատիվ Հռչակագրի, ՄԱԿ-ը հաստատեց Մարդու իրավունքների օրվան նվիրված տոնը, որը նշվում է դեկտեմբերի 10-ին։ Այս օրը բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ միջոցառումներ են կազմակերպում՝ ընդգծելով մարդու իրավունքների պաշտպանության առաջնայնությունը և կարևորությունը:
Մարդու իրավունքներն ու հիմնարար ազատություններն ամրագրվել են նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում, Հայաստանում ստեղծվել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը:
2004 թվականից ՄԱԿ-ն ամեն տարի ընտրում է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա թեման եւ կարգախոսը: Այս տարի այն անց է կացվելու «Դադարեցնենք բռնությունը կանանց եւ աղջիկների նկատմամբ հենց հիմա» կարգախոսի ներքո:
Մարդու իրավունքների պաշտպանության օրը երթ անցկացնելու ավանդույթը Հայաստանում ձեւավորվել է 2000-ական թվականների սկզբից, սակայն մեծ թափ է հավաքել 2009թվականից, երբ այդ երթերն սկսեց կազմակերպել Հայ ազգային կոնգրեսը: Այդ տարվանից երթի մասնակիցները Հայաստանի հանրությանը եւ Եվրոպայի Խորհրդին են ներկայացնում ամենամյա յուրատեսակ «հաշվետվություն»` երկրում մարդու իրավունքների եւ ժողովրդավարական ազատությունների վիճակի մասին: Անցկացվող երթերը նպատակ ունեն իրենց բողոքն արտահայտելու Հայաստանի բռնապետական իշխանության կողմից մարդու իրավունքների շարունակական ոտնահարումների, դրանց սահմանափակման դեմ:
Վերհիշելով նախորդ տարիների անցկացրած երթերը՝ նշենք, որ 2008 թվականին Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն էր տարածել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման 60-րդ տարեդարձի կապակցությամբ: Հայտարարության մեջ նշվում էր, որ Հայաստանում իսպառ ոտնահարված են ազատ խոսքի, տեղեկատվություն ստանալու, ազատ տեղաշարժի, նամակագրության գաղտնիության եւ այլ հիմնարար իրավունքներ, ընդհուպ՝ կյանքի իրավունքը: Անդրադարձ էր կատարված Մարտի 1-ի իրադարձություններին: «Մարտի 1-ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ խաղաղ ցուցարարների գազանային ջարդ, իսկ նույն օրը երեկոյան խաղաղ ցուցարարների դեմ կիրառվեցին նաեւ հատուկ միջոցներ ու հրազեն, զոհվեց առնվազն 10 մարդ: Քաղաքական համոզմունքների համար հետապնդվել ու հալածանքների են ենթարկվել շուրջ 10.000 քաղաքացիներ։ Մոտ 150 մարդ քաղաքական դրդապատճառներով հայտնվեցին անազատության մեջ, նրանցից 67 հոգի առ այսօր էլ դեռ քաղաքական բանտարկյալներ են»,- ասված էր հայտարարության մեջ:
2009 թվականին արդեն Հայ ազգային կոնգրեսը երթ անցկացրեց Երեւանում: Ակցիայի մասնակիցները Սարյանի արձանի մոտից Հյուսիսային պողոտայով, Հանրապետության հրապարակով շարժվեցին դեպի Մյասնիկյանի արձան, որտեղ կանգ առան եւ լռությամբ հարգեցին 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակը:
Հայ ազգային կոնգրեսը 2 նամակ  հանձնեց ՄԱԿ մարդու իրավունքների հանձնաժողովի եւ ԵԱՀԿ ներկայացուցիչներին: Ընդդիմության կազմակերպած երթն ավարտվեց Հյուսիսային պողոտայում, որտեղ ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, թե այդ պահին Հայաստանում քաղբանտարկյալների թիվը զգալիորեն պակասել է, Հայաստանում կա 15 քաղբանտարկյալ, որոնց մեծ մասը ձերբակալվել էր 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից հետո: Զուրաբյանն ընդգծեց, որ անգամ մեկ քաղբանտարկյալի առկայության դեպքում քաղբանտարկյալներ ենք մենք բոլորս, իսկ այնուհետեւ կոչ արեց երթը դարձնել ավանդույթ:
Նույն պահանջներով անցավ նաեւ 2010 թվականի երթը, իսկ հաջորդ տարվա երթն արդեն սկսվեց եւ ավարտվեց Ազատության հրապարակում, որտեղ 2008 թ-ի մարտյան իրադարձություններից հետո երեք տարի՝ մինչեւ 2011 թվականի մարտի 17-ը, արգելված էր զանգվածային միջոցառումներ անցկացնելը: Այդ երթին մասնակցեց ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հիշեցնենք, որ 2011 թվականին ազատ էին արձակվել բոլոր քաղբանտարկյալները, սակայն  ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանն այդ պահի դրությամբ՝ նույն թվականի օգոստոսի 9-ին ոստիկանների հետ հայտնի միջադեպից հետո, գտնվում էր կալանքի տակ եւ, փաստորեն, միակ քաղբանտարկյալն էր:
2012 թվականի դեկտեմբերի 10-ին Հայ ազգային կոնգրեսը Ազատության հրապարակից կազմակերպեց ավանդական երթը: Երթից առաջ Կոնգրեսի համակարգող  Լևոն Զուրաբյանն ընթերցեց ԵԽ-ին հասցեագրված, 4 կետից բաղկացած  նամակը, որը երթի մասնակիցները հանձնեցին Երեւանում ԵԽ գրասենյակին:
2013 թվականի երթը նույնպես սկսվեց եւ ավարտվեց Ազատության հրապարակում, որտեղ մինչ երթի մեկնարկը Լեւոն Զուրաբյանը ընթերցեց Իրավունքի երթի մասնակիցների ուղերձը Հայաստանի ժողովրդին եւ միջազգային հանրությանը: Նշենք, որ երթին մասնակցում էին նաեւ ազատամարտիկները եւ «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» նախաձեռնության անդամները, ինչպես նաեւ «Հայ Ֆոքսի» դիմակներով եւ Շանթ Հարությունյանի պատկերով շապիկներ կրող ակտիվիստներն ու Շանթ Հարությունյանի կողմնակիցները:
Այս տարի Դեկտեմբերի 10-ին մարդու իրավունքների օրվան նվիրված ավանդական երթն անցկացնելու է խորհրդարանական Եռյակը: Դեկտեմբերի 10-ին, ժամը 13-ին, Եռյակի ներկայացուցիչները կհավաքվեն Ազատության հրապարակում, կհնչեն ելույթներ, որոնք նվիրված կլինեն Հայաստանում մարդու իրավունքների վիճակին, ինչպես նաև Եռյակի ընդհանուր անելիքներին, ինչից հետո տեղի կունենա հզոր երթ:

Նախորդ հոդվածը‘Դիվերսիոն փորձ. Հակառակորդը 5-7 զոհ է տվել, կա զոհ նաև հայկական կողմից’
Հաջորդ հոդվածը‘Լատինական Ամերիկայում կվերականգնեն 20 մլն հեկտար անտառներ’