‘Մարզպետարանի աշխատակիցը iLur.am-ից 6,624 մլն դրամ է պահանջում’

1644

Երեւանի Կենտրոն եւ Նոր-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արայիկ Մելքումյանի նախագահությամբ շարունակվեց Լուսինե Կիրակոսյանի հայցով դատն ընդդեմ iLur.am կայքի: Հայցվորը համարում է, որ iLur.am կայքում հրապարակված երկու նյութերում իր պատիվը, արժանապատվությունն ու բարի համբավն արատավորող տեղեկություններ են հրապարակվել, եւ պահանջում է հերքում տալ, ինչպես նաեւ՝ որպես վնասի հատուցում վճարել 6 մլն 624 հազար դրամ:  

Հիշեցնենք, որ նշված հոդվածներում հրապարակվել են տեղեկություններ այն մասին, որ Արագածոտնի մարզային գրադարանի տնօրեն Լուսինե Կիրակոսյանը ստիպել է գրադարանի հավաքարար Ալիսա Սաֆարյանին նաեւ իր տան մաքրությամբ զբաղվել: Մերժում ստանալով՝ Կիրակոսյանը պահանջել է աշխատանքից ազատման դիմում ներկայացնել: Բացի դրանից, Կիրակոսյանը հաշվի չի առել նաեւ Սաֆարյանի առողջական խնդիրները:

Ալիսա Սաֆարյանի ամուսինը՝  Արթուր Ալավերդյանը, վկայի կարգավիճակով իր տված ցուցմունքում հաստատել է, որ հրապարակված տեղեկություններն ինքն է տրամադրել iLur.am-ին եւ որ դրանք համապատասխանում են իրականությանը: Վկան նշել էր նաեւ, որ Կիրակոսյանն անհարգալից վերաբերմունք է դրսեւորել նաեւ իր հետ շփումներում, իսկ Կիրակոսյանի պահանջները նկարագրվող շրջանում նյարդային մթնոլորտ են ստեղծել իր ընտանիքում:

Նշենք, որ մամուլը բազմիցս անդրադարձել է նաեւ Լուսինե Կիրակոսյանի քրոջը՝ Լիլի Կիրակոսյանին: Վերջինս աշխատում է Արագածոտնի մարզպետարանում:

Ըստ մեր կողմից ավելի վաղ հրապարակված հոդվածի՝ Լիլի Կիրակոսյանը ազատվել է Աշտարակի ավագ դպրոցի տնօրենի պաշտոնից՝ մատյանները պատռելու եւ դպրոցի հավաքարարին ծեծելու համար, սակայն, ըստ աղբյուրի, քանի որ վայելում է մարզպետ Ս. Սահակյանի հովանավորությունը, պատշաճ պատասխանատվության չի ենթարկվել:

Նշենք, որ սա միակ դեպքը չէ, երբ շոշափվում է Լիլի Կիրակոսյանի անունը: 2013 թվականին Աշտարակ քաղաքի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցի մի խումբ ուսուցիչներ բաց նամակով դիմել են ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին` պահանջով, որ դպրոցի տնօրեն Լիլի Կիրակոսյանն ազատվի աշխատանքից: Ուսուցիչները գրել են, որ դպրոցում անկառավարելի իրավիճակ է ստեղծվել, եւ տնօրենն ուսուցիչներին առանձին-առանձին կանչում է իր առանձնասենյակ ու ստիպում ստորագրել մի գրություն, որը վարկաբեկում է կոլեկտիվի անդամներից մեկին` Լիգիա Մելքումյանին:   «Առաջնորդվում է միայն քինախնդրությամբ, հաճախ է գտնվում անհավասարակշիռ վիճակում, անգամ հարցերը լուծում է ուժի գործադրմամբ` ծեծի է ենթարկել տեխնիկական աշխատողին, փորձել է ապտակել ֆիզկուլտուրայի տղամարդ ուսուցչին` Կարեն Հովհաննիսյանին: Երկու տարի է՝ գրպանում է աշակերտներին փոխադրող տրանսպորտային միջոցին հատկացվող գումարը, իսկ քաղաքի հեռավոր թաղամասերից աշակերտները մի կերպ են հասնում դպրոց` հարուցելով ծնողների ու հենց իրենց վրդովմունքը: Տնօրենը շահարկում է իր` ՀՀԿ անդամ լինելը, սպառնում է, որ ինչ ցանկանա, կարող է անել` դրանով վտանգելով ՀՀԿ-ի հեղինակությունը կոլեկտիվում»,- Yerkir.am-ի փոխանցմամբ՝ այս մասին գրված է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին ուղղված նամակում:  

Ստորեւ ներկայացնում ենք նախկինում արված հրապարակումների մի մասը.

Անահիտ Բախշյան. «Աշտարակում մատյաններ են պատռվել» 

ՀՀ ԿԳՆ Արմեն Աշոտյանը տեղյակ է՝ ինչ է կատարվում Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցում

«Աշտարակի դպրոցի տնօրենը ինձ փոխարինեց կամերաներով…»

«Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցի տնօրենը հինգ ամիս առաջ 10 հոգու կրճատել է»


Նախորդ հոդվածը‘Լեւոն Տեր-Պետրոսյանի նոր գիրքը’
Հաջորդ հոդվածը‘Գառնիի տաճարը վնասած ՌԴ քաղաքացին 2 ամսով կկալանավորվի’