Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերի» նորեկ, Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Մարկուս Տյուրամը պատմել է իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմում հարմարվելու մասին։
«Ես սիրում եմ թիմային աշխատանք, ակումբակիցներից նոր բան սովորել, եւ ես ստացա այդպիսի հնարավորություն «Ինտերում»։ Մենք ունենք շատ միասնական կոլեկտիվ։ Այսպիսի մթնոլորտում հեշտ է հարմարվելը։ Մենք շատ ժամանակ ենք անցկացնում միասին նաեւ խաղադաշտից դուրս։ Դա շատ կարեւոր է ընդհանուր նպատակներին հասնելու համար»,- Տյուրամի խոսքը մեջբերում է Sky Sport Italia-ն։
26-ամյա ֆուտբոլիստն այս ամռանն է Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» տեղափոխվել «Ինտեր» ազատ գործակալի կարգավիճակում անվճար։
Գերմանական թիմում անցկացրած չորս մրցաշրջանի ընթացքում Տյուրամը մասնակցել է 134 հանդիպման, խփել է 44 գոլ, կատարել 29 գոլային փոխանցում։