‘Մարուքյանը ցանկանում է առանձնանալ ոստիկաններից. Օվսյաննիկովայի գործով նիստը շարունակվում է’

1217

Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Ելենա Օվսյաննիկովայի գործով դատական նիստը:

Հիշեցնենք՝Ռուսաստանի քաղաքացի Օվսյաննիկովան, որն ազգությամբ հայ ամուսնու եւ մանկահասակ երեխայի հետ այժմ բնակվում է Երեւանում, մասնակցել է Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ElectricYerevan-ի ցույցերին եւ փորձել է ոստիկաններին կոչ անել՝ զերծ մնալ համաքաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառելուց: Ավելի ուշ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանը ֆեյսբուքում  գրառում է արել,՝ Ելենային ներկայացնելով որպես «միջազգային մասշտաբի սադրիչ» ուկրաինուհի, որն, իբր, հունիսի 23-ի երեկոյան անսթափ վիճակում անցնում էր Բաղրամյանը պատնեշած ոստիկանների շարքերով եւ հերթով նրանց սեռական հարաբերություններ առաջարկում: Իր հերթին, ոստիկանապետի տեղակալ Հունան Պողոսյանը պահանջել է Օվսյաննիկովային՝ հեռանալ տարածքից, որովհետեւ «իր ոստիկանները սեռապես անբավարարված են եւ գրգռվում են նրա ներկայությունից»: Ելենային տարածքից հեռանալու պահանջ է ներկայացրել նաեւ «կենդանի պատի» ակտիվ անդամ, պատգամավոր Էդմոն Մարուքյանը, որը իր ֆեյսբուքյան էջում ավելի ուշ նշել է, որ նրա ներկայությունը Բաղրամյանում «պրովոկացիա էր», իսկ նրա վրայից ոգելից խմիչքի հոտ էր փչում:

Ելենա Օվսյաննիկովան դատական հայցով պահանջում է հերքել իր հասցեին արված զրպարտչական հայտարարությունները,  հրապարակային ներողություն խնդրել եւ որպես փոխհատուցում՝ վճարել 7 միլիոն դրամ (2-ական միլիոն՝ ոստիկանությունից, Հունան Պողոսյանից, Նարեկ Մալյանից եւ 1 միլիոն՝ Էդմոն Մարուքյանից):

Դատական նիստի սկզբում Էդմոն Մարուքյանի ներկայացուցիչը միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալի դեմ ներկայացված պահանջը առանձնացնելու մասին: Փաստաբանի պնդմամբ՝ ոստիկանությունը եւ Էդմոն Մարուքյանը տարբեր պատճառներով են գտնվել Բաղրամյան փողոցում:

Անդրադառնալով այս հարցին՝ Օվսյաննիկովայի փաստաբան Տիգրան Եգորյանը հայտնեց, որ հայցվոր կողմի կողմից ներկայացված պահանջները միավորում է Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ցույցերի շղթան, իսկ ժամանակացույցը կամ այնտեղ գտնվելու պատճառները նշանակություն չունեն:

Արդյունքում՝ դատարանը մերժեց Մարուքյանի ներկայացուցչի միջնորդությունը՝ նշելով, որ այն անհիմն է եւ չի բխում արդարադատության շահերից:

Ելենա Օվսյաննիկովայի փաստաբան Լուսինե Հակոբյանը նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ պատգամավորը ուղղակի չի ցանկանում նույն հարթության վրա գտնվել ոստիկանության հետ: Նրա խոսքով, այնուամենայնիվ, այս հանգամանքը չի կարող պատճառ հանդիսանալ գործերն առանձնացնելու համար:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 19-ին:

Նախորդ հոդվածը‘Տեղի է ունեցել Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հերթական նիստը’
Հաջորդ հոդվածը‘«Australian Open». Օրվա լավագույն հարվածը (տեսանյութ)’