‘Մարտահրավեր’

2867

Ազգս նոր զբաղմունք է գտել. ֆեյսբուքում կա՛մ գլխներին սառցաջուր են լցնում, կա՛մ կծու ծիծակով «յաթրջի» արաղ խմում, կա՛մ աղջիկ երեխաների նկարներ տեղադրում,  կա՛մ աբորտների դեմ ստատուսներ գրում, կամ տատիկ-պապիկների հարսանեկան նկարները դնում, և այդպես շարունակ՝ ում երևակայությունն ինչքան կների:

Դա դեռ հերիք չէր, հիմա էլ սոցցանցերում նոր մոդա է տարածվել. այդպիսի տեսանյութեր տեղադրելուց  հետո մի քանի հոգու անուն են նշում, թե արդյոք  նրանք էլ կարո՞ղ են սոդայաջուր խմել, կամ սառցաջրով գլուխլվա անել, կամ էլ տատիկ-պապիկների հարսանիքի տեսաժապավենը տեղադրել, ու այդ ամենը անվանում են մարտահրավեր:

Էնքան «մարտահրավիրեցին», որ վերջը կրթության ու գիտության նախարար կոչեցյալը, մեկ անգամ էլ եմ կրկնում՝ այն մարդը, ով պատասխանատու է Հայաստանի կրթության ու գիտության զարգացման համար, նույն ինքը Արմեն Աշոտյանը, նույն ինքը, ով «սաքուլիկներից» մեկին վերջերս նշանակեց ինչ-որ բուհի պրոռեկտոր, հենց այդ նույն ինքը, չդիմանալով մարտահրավերի գայթակղությանը, բռնեց ու իր քաչալ գլխին սառցաջուր լցրեց:

Գլուխը դեռ հեչ, բայց «պալասատի տռուսիկն» էր ափսոս, չէ՞ որ մի հատ էլ կարմիր գույնի այդպիսին ուներ, որով երիտասարդ «բազեականների» հետ միասին Ռոբերտ Քոչարյանի դիմաց տրնգի էր տալիս, այն նույն Քոչարյանի, ում նախագահության ավարտից հետո նույն ինքն սկսեց բողոքել իր դաժան «մանկությունից»: Ինչևիցե, պատմությունը թողնենք պատմաբաններին, գիտությունն էլ՝ աշոտյաններին ու սաքուլիկներին, ու անցնենք մարտահրավերին:

Ախր իմ բազմադարյա հայ ժողովուրդ, ինչպես Վահան Տերյանն է ասում՝ «Մի խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին, մեր երկիրը ավերված , բայց սուրբ է և  հին…», հետո էլ տեղեկացնում է, որ մեզ մարտահրավեր են նետել Բյուզանդիան, Ասորեստանը ու էլի ուրիշ երկրներ, ու հիմա նրանցից քարը քարի վրա չի մնացել: Այսինքն՝ Տերյանը ցանկանում էր ասել, որ արտաքին թշնամու վայրագություններին մենք դիմացել ենք, ինչպիսի մարտահրավեր էլ որ այն լիներ:

Սակայն այսօր Հայաստանում լրիվ այլ իրավիճակ է: Չնայած՝ մենք կրկին կարողանում ենք դիմակայել արտաքին մարտահրավերներին, բայց Հայաստանի ներսում մի այնպիսի մարտահրավեր է նետված, իսկ հայ ժողովուրդը, փոխանակ դրանով զբաղվի, ընկել է սառցաջրի ու ծիծակի «բաղերը»:

Սերժ Սարգսյանի գոյությունը՝ որպես երկրի ղեկավար, ամենամեծ մարտահրավերն է ինչպես ամբողջ հայ ժողովրդին, այնպես էլ մեր պետականությանը, ու սրանից ավելի մեծ մարտահրավերի հաղթահարում դեռևս չի վիճակվել մեր ժողովրդին:

Իհարկե, շատերը կասեն, որ դրանից ավելի մեծ մարտահրավերներ էլ ենք հաղթահարել, սակայն իրականում Սերժ Սարգսյանի՝ որպես երկրի ղեկավարի գոյությունը ոչ թե դժվար մարտահրավեր է, այլ, ավելի շատ՝ ամոթալի, որովհետև ինչպե՞ս կարող է հազարամյա ժողովուրդը և քրիստոնեությունը առաջինը որպես պետական կրոն ընդունած ազգը այդպիսի մեկին հանդուրժել, ով ամեն նոր բացված օր մի նոր մարտահրավեր է նետում սեփական ժողովրդին:

Իհարկե, մեզ ծանոթ է Քաջ Նազարի կերպարը, ու Սերժ Սարգսյանի՝ պետության գլխին հայտնվելը այդքան էլ պատահական չէ մեր բանահյուսության տեսակետից, սակայն բոլոր քաջնազարներն ի վերջո ունենում են իրենց Ուստիանը, ով ի լուր աշխարհի՝ բացահայտում է Քաջ Նազարի իրական էությունը:

Հուսամ՝ աշնանը չենք սպասի Ուստիանի բացահայտմանը (ամեն ինչ, առանց այդ էլ, բացահայտված է), ու Ազատության հրապարակում հավաքված ժողովուրդն ըստ արժանվույն կընդունի մեր ազգին նետված մարտահրավերը:

Ինչպես Մաուգլի ֆիլմի դրական հերոսներն են ասում ամենապատասխանատու ճակատամարտից առաջ՝ «Մենք ընդունում ենք մարտահրավերը»:

Սանասար Հավասարյան

Նախորդ հոդվածը‘Կանադան պատրաստ է ուժով պաշպանել Արկտիկան ‘
Հաջորդ հոդվածը‘Կենսաբանը կոչ է անում խուսափել «կենսաբանական հոլոքոստից»’