‘Մարտին Շուլցը պատասխանել է Նաիրա Զոհրաբյանի նամակին’

951

2014 թվականի օգոստոսի 7-ին տեղանքում մոլորված և ադրբեջանական սահմանը հատած Տավուշի մարզի Չինարիի  բնակիչ Կարեն Պետրոսյանի հանդեպ Ադրբեջանում անմարդկային ու դաժան վերաբերմունքի և սպանության վերաբերյալ ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը պաշտոնական նամակ էր ուղարկել Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին՝ պահանջելով,  որ միջազգային կառույցները խստորեն դատապարտեն Ադրբեջանին և Կարեն Պետրոսյանի դիակի անկախ փորձաքննություն անցկացնեն։  Եվրոպական խորհդարանի նախագահ Մարտին Շուլցը պատասխան նամակ է ուղարկել Նաիրա Զոհրաբյանին,   ուր ասված է՝   

Հարգելի տիկին Զոհրաբյան,

Շնորհակալություն եմ հայտնում  Ձեր նամակի  համար,  որտեղ  Դուք նկարագրում եք  հայ-ադրբեջանական սահմանը հատած Կարեն Պետրոսյանի գերեվարման  և մահվան հետ կապված հանգամանքները: Նախ և առաջ, Եվրոպական խորհրդարանի անունից  մեր խորին ցավակցությունն եմ հայտնում Կարեն Պետրոսյանի հարազատներին՝ հավելելով, որ ինձ անձամբ  սարսափեցրել  է այն փաստը, որ  նրա մահից ավելի  քան  երեք շաբաթ անց դին դեռևս չեն թույլատրել հայրենադարձել: Անշուշտ, անչափ  մտահոգիչ  էր  Ձեր նամակին կցված  տեսանյութը: Այն լիովին թափանցիկ հետաքննություն, ինչպես նաև անկախ դատաբժշկական փորձաքննություն  իրականացնելու անհրաժեշտություն է առաջացնում Կարեն Պետրոսյանի  մահվան  ճշգրիտ  պատճառները պարզելու համար:

Մենք բոլորս տեղյակ ենք առկա լարվածություններին, որոնք կան տարածաշրջանում: Անկախ նրանից, թե բանակցությունները ինչ առաջընթաց կարձանագրեն՝ հակամարտության կողմերը միջազգային մարդասիրական իրավունքը հարգելու հստակ պարտավորություն ունեն և պետք է միջազգային նորմերին համահունչ վերաբերվեն գերիներին ու ձերբակալվածներին: Նման պարտավորությունները խախտելը անընդունելի  է:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Սերժիկ Սարգսյանը «թրաշված» չէ’
Հաջորդ հոդվածը‘Գյումրիի ողբերգությունը ցույց տվեց իրավապահ համակարգի ոչնչությունը. Մուրադ Գրիգորյան’