‘Մարտին Սկորսեզեի 10 լավագույն ֆիլմերը’

2514

Նոյեմբերի 17-ին լրացավ Հոլիվուդի լավագույն ռեժիսորներից մեկի՝ Մարտին Սկորսեզեի 71-ամյակը: Ծննդյան տոներին էկրան դուրս կգա նրա 22-րդ ֆիլմը՝  The Wolf of Wall Street-ը, որտեղ Սկորսեզեն հերթական՝ արդեն 5-րդ անգամ աշխատել է Լեոնարդո Դի Կապրիոյի հետ: Արդյո՞ք ֆիլմը, Սկորսեզեն և Դի Կապրիոն կներկայացվեն «Օսկարի»՝ կիմանանք հունվարի 16-ին, իսկ մինչ այդ վերհիշենք Սկորսեզեի լավագույն 10 ֆիլմերը:

Taxi Driver (1976)

Սկորսեզեի առաջին գլուխգործոցը, որը բազմաթիվ կինոքննադատների կողմից ընդգրկվել է XX-րդ դարի լավագույն ֆիլմերի ցանկում: Թեպետ հետագայում բազմաթիվ կինոգետներ ֆիլմի մասին կարծիք հայտնեցին, որ այն չափազանց դաժան է և բռնություն է քարոզում, միևնույն է, Ռոբերտ Դե Նիրոյի կողմից մարմնավորված՝ անքնությամբ տառապող երիտասարդ Թրևիս Բիքլիի  կերպարը մինչ օրս համարվում է ֆիլմարտադրության պատմության թերևս լավագույն ֆիլմը՝ միայնության մասին:

Raging Bull (1980)

Դե Նիրոյի և Սկորսեզեի 3-րդ միասին աշխատանքը: Ի դեպ, հենց Դե Նիրոն է համոզել Սկորսեզեին նկարահանել այս ֆիլմը, այն ժամանակ, երբ ռեժիսորը, թմրանյութերի գերչարաշահումից մահամերձ, պառկած էր հիվանդանոցում: Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա և պատմում է իտալացի բռնցքամարտիկ Ջեյք Լամոտտայի մասին:

The Last Temptation of Christ (1987)

Սկորսեզեն բավականին երկար ժամանակ ցանկանում էր էկրանավորել Նիկոս Կազանձակիսի՝ բազմաթիվ քիրստոնեական երկրներում արգելված «Քրիստոսի վերջին փորձությունը» վեպը: Սակայն նա չէր կարողանում համոզել Universal Pictures-ին՝ ֆիլմի համար տրամադրել բավականաչափ գումար: Ի վերջո՝ Սկորսեզեն հավաքագրեց դերասանների այնպիսի կազմ, ովքեր համաձայնվեցին քիչ հոնորարով ներգրավվել Քրիստոսի մասին պատմող այսպիսի ռիսկային նախագծի մեջ:

Goodfellas (1990)

Մի քանի ձախողված աշխատանքներից հետո Սկորսեզեն որոշեց իրեն փորձել կրիմինալ ժանրում՝ 5-րդ անգամ համագործակցելով Դե Նիրոյի հետ: Շատերի կարծիքով՝ իտալական մաֆիայի մասին պատմող՝ Նիկոլաս Պիլեջիի «Խելոքը» վեպի հիման վրա նկարահանված Goodfellas-ին ավելի մեծ մասսայականություն ձեռք բերել խանգարեց այն, որ նույն 1990-ին էկրան բարձրացավ Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի ավելի մոնումենտալ The Godfather Part III-ը:

Casino (1995)

Եվս մեկ ֆիլմ՝ նկարահանված Պիլեջիի վեպի հիման վրա, որտեղ Սկորսեզեն և Դե Նիրոն աշխատեցին վերջին՝ 6-րդ անգամ: Դերասանական աստղային կազմը Լաս Վեգասի ամենահին խաղատներից մեկում նկարահանված ֆիլին ապահովեցին գերշահույթ, իսկ ինքը Սկորսեզեն մոտ էր «Ոսկե գլոբուս» նվաճելուն, սակայն այն ի վերջո բաժին հասավ Մել Գիբսոնի Braveheart-ին:

Gangs of New York (2002)

7 տարվա ընմիջումից հետո Սկորսեզեն հետաքրքիր էքսպերիմենտ փորձեց՝ խառնելով միմյանց հետ կրիմինալ և պատմական ժանրերը: Ամերիկացիների և իռլանդացի գաղթականների բախումների մասին պատմող ֆիլմը դարձավ առաջինը, որտեղ Սկորսեզեն աշխատեց այդ տարիներին դեռևս ոչ այդքան տաղանդավոր համարվող Լեոնարդո Դի Կապրիոյի հետ, ով հետագայում դարձավ Սկորսեզեի նոր ֆավորիտը՝ փոխարինելով Ռոբերտ Դե Նիրոյին:

The Aviator (2004)

Gangs of New York-ին հաջորդեց գուցե ավելի մոնումենտալ՝  ամերիկացի արդյունաբերող, գործարար, ինժեներ, ավիացիայի նորարար Հովարդ Հյուզի մասին պատմող The Aviator-ը, որտեղ գլխավոր դերում կրկին Լեո Դի Կապրիոն էր: Եվ չնայած Սկորսեզեն և Դի Կապրիոն հերթական անգամ մնացին առանց «Օսկարի», ֆիլմը, միևնույն է, կարողացավ արժանանալ 5 արձանիկների՝ այդ թվում հաղթելով լավագույն մոնտաժ և լավագույն կինեմատոգրաֆիա անվանակարգերում:

The Departed (2006)

Երկու տարի անց Սկորսեզե — Դի Կապրիո զույգը շարունակեց իր առաջընթացը կրիմինալ դրամայի ժանրում, որտեղ նրանց օգնեցի նաև հրաշալի դերասանական կազմը՝ Մեթ Դեյմոն, Մարկ Ուոլբերգ և, իհարկե՝ Ջեք Նիկոլսոն: Քրեական և ոստիկանական հետապնդումների մասին պատմող ֆիլմը արժանացավ 4 «Օսկարի», և ինչն ամենակարևորն է՝ Սկորսեզեն վերջապես հաղթեց լավագույն ռեժիսոր անվանակարգում:

Shutter Island (2010)

Երևի թե վերջին տարիների ամենալարված հոգեբանական թրիլլերներից մեկը, որտեղ գլխավոր դերում, իհարկե, Լեոնարդո Դի Կապրիոն է: Դենիս Լիհեինի «Անիծվածների կղզին» վեպի հիման վրա նկարահանված, անձի երկատվածության մասին պատմող ֆիլմը թույլ տվեց Դի Կապրիոյին հաստատվել որպես առաջնակարգ դերասան, իսկ կինոքննադատները, ովքեր համարում էին, որ Սկորսեզեն սկսել է կրկնվել, ստիպված էին ընդունել, որ նա շարունակում է համարվել Հոլիվուդի լավագույն ռեժիսորներից մեկը:

Hugo (2011)

Կնոջ խորհրդով Սկորսեզեն որոշեց իրեն փորձել ավելի թեթև ժանրում՝ օգտագործելով նաև 3D տեխնիկա: Կինեմատոգրաֆի հիմնադիրներից մեկի՝ Ժորժ Մելիեսի մասին ֆիլմը ձախողվեց կինոքննադատների շրջանում, բայց հաջողություն գրանցեց կինոթատրոններում և նվաճեց 5 «Օսկար»:

Նախորդ հոդվածը‘ՀԱԿ խմբակցությունը պատրաստ է իր ստորագրությունները տրամադրել ցանկացած օր կենսաթոշակների հարցով արտահերթ նիստ հրավիրելու համար’
Հաջորդ հոդվածը‘ Միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են’