‘Մարտի 1-ից ՌԴ քաղաքացիները կարող են մուտք գործել Ուկրաինա միայն արտասահմանյան անձնագրով’

919

Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները մարտի 1-ից կզրկվեն ներքին անձնագրերով Ուկրաինա մուտք գործելու և դրա տարածքում տեղաշարժվելու իրավունքից, ասվում է Ուկրաինայի կառավարության կայքում տեղադրված որոշման մեջ:

Որոշման համաձայն՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունն այս մասին  պետք է տեղեկացնի ՌԴ կառավարությանը: Փաստաթուղթն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

2007 թ. միջկառավարական պայմանագրի համաձայն՝ Ռուսաստանի քաղաքացիները կարող էին Ուկրաինա մուտք գործել հետևյալ փաստաթղթերով՝ ՌԴ քաղաքացու անձնագիր, արտասահմանյան անձնագիր, դիվանագիտական անձնագիր, ծառայողական անձնագիր, ծննդյան վկայական (մինչև 14 տարեկան երեխաների համար), նավաստու անձնագիր, օդանավի անձնակազմի անդամի անձնագիր: Նոր որոշման համաձայն՝ այս ցանկից դուրս են հանվել ՌԴ քաղաքացու ներքին անձնագիրը և մինչև 14 տարեկան երեխաների համար ծննդյան վկայականը:

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, որ ստորագրել է այս որոշումը, պատկան նախարարների և գերատեսչությունների ղեկավարների հետ խորհրդակցության ընթացքում նշել է, որ անհրաժեշտ է ուժեղացնել ռուս-ուկրաինական սահմանի վերահսկողությունը  և «պետական սահմանը հատելու եվրոպական կանոններ սահմանել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացիների համար»: Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ի՝ Գազայի հակամարտության հարցով հանձնաժողովի ղեկավարը հրաժարական է տվել’
Հաջորդ հոդվածը‘Հարկատուների ցանկում «Գազպրոմ Արմենիա»-ն զբաղեցնում է առաջին տեղը’