‘Մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրությամբ զբաղվող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի’

1075

Մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրությամբ զբաղվող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի: Այս մասին որոշումն ընդունվեց ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Հարցը հանձնաժողովի դրական եզրակացությամբ ընդգրկվեց ԱԺ մեծ օրակարգ և քառօրյա նիստերի օրակարգ:

Հանձնաժողովը ձևավորվելու է Էթիկայի հանձնաժողովի ձևավորման սկզբունքով`ունենալու է յոթ անդամ` ՀՀԿ-ն` երկու անդամ, խորհրդարանում ընդդիմություն հայտարարած խմբակցությունները միասին` երեք, իսկ ԲՀԿ-ն մեկ անդամ:

Ըստ Panarmenian.net-ի՝ հանձնաժողովում ընդգրկվելու ցանկություն հայտնեց նաև անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանն ասաց, որ Հանրապետական խմբակցությունում այդ հարցը կքննարկվի:

Նախագծի հեղինակը ՀԱԿ խմբակցության անդամներն են: ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը տեղեկացրեց, որ որոշման նախագծում փոփոխություններ են կատարվել` քաղաքական գնահատականները հեռացվել են:

ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն ասաց, որ եթե իրենց հաջողվի ստեղծվելիք ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքները տանել միայն իրավական ուղով, ապա մեծ հաջողություն կլինի: Նախագծի համահեղինակ Գագիկ Ջհանգիրյանը ևս կողմ է հանձնաժողովը քաղաքական շահարկումներից ու քաղաքական բնույթի քննարկումներից զերծ պահելուն: 

Նշենք, որ հանձնաժողովի աշխատանքներին չէր մասնակցում «Ժառանգություն» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանը:

Ավելացնենք, որ հանձնաժողովի նիստերը փակ են լինելու, բաց լինելու մասին կորոշի հանձնաժողովը:

Նախորդ հոդվածը‘Միխալ Բիլեկ. Հայաստանի հավաքականը նշանակալի արդյունքների է հասնում սեփական հարկի տակ’
Հաջորդ հոդվածը‘Լրանում է Կոնգրեսի երիտասարդների գործով Վճռաբեկ բողոքի ընդունման վերջնաժամկետը’