‘
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն երեկ հանդիպել է Մարտի 1-ի զոհերի հարազատներին: Ինչպես նշվում է դատախազության պաշտոնական հաղորդագրությանն մեջ, հաշվի առնելով, որ 2008թ. մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործով տուժողների իրավահաջորդներից յուրաքանչյուրը մտահոգված է իր հարազատի մահվան բացահայտման հանգամանքներով, ՀՀ գլխավոր դատախազը զոհերի հարազատների ներկայությամբ ՀՀ գլխավոր դատախազության «Հատկապես կարևոր գործերով քննության վարչությանը» հանձնարարել է գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար ցուցում տալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող նշված քրեական գործից մահվան յուրաքանչյուր դեպքով առանձին վարույթներ անջատելու մասին:
Գևորգ Կոստանյանը, կարևորելով այն փաստը, որ յուրաքանչյուր մարդու կյանքն ինքնին առանձին արժեք է, ընդգծել է, որ յուրաքանչյուր զոհի գործի անջատումը ընդհանուրից բացառապես իրավական գործընթաց է՝ միտված գործի քննության արդյունավետության ապահովմանը:
«Տուժողների իրավահաջորդները օրենքով թույլատրելի սահմաններում ներգրավված կլինեն նախաքննության գործընթացում և հնարավորություն կունենան լիարժեք իրացնել տուժողի իրավահաջորդի իրենց իրավունքները»,-հանդիպման ընթացքում զոհերի հարազատներին վստահեցրել է Գլխավոր դատախազը:
Մոտ մեկ ու կես ժամ տևած քննարկումից հետո զոհված Սամվել Հարությունյանի հայրը՝ Էդիկ Հարությունյանը «Ազատության» հետ հեռախոսազրույցում հաստատել է տեղեկությունը և որոշ մանրամասներ ներկայացրել։
«Ամեն մի զոհի համար հատկացվելու է մի դատախազ, մի քննիչ։ Բոլորը մի հոգու վրա չեն բարդի, որ սայլը տեղից չշարժվի»,- ասել է Հարությունյանը։
Հանդիպմանը մասնակցած Հովհաննես Հովհաննիսյանի կինը նշել է, որ որևէ նոր բան իրենց համար տեղի չի ունեցել և դրական տեղաշարժի առումով մեծ ակնկալիքներ չունեն։
Տիկին Լիլիան նաև հավելեց, որ այսօր գլխավոր դատախազը իրենց ներկայացրել է մի քարտեզ, որի վրա նշված են եղել սպանության կոնկրետ վայրերը։ Գևորգ Կոստանյանը այս կերպ փորձել է ներկայացնել, որ գործում առաջխաղացում կա, սակայն զոհվածի կինը նշել է, որ գլխավոր դատախազի ներկայացրածն իրենց համար ամենևին էլ նորություն չէր։ Նույն բանն ասլ է նաև զոհված Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանը։
«Օդի մեջ խոսակցություն է, վեց տարի է՝ էս է մեր վիճակը»,- ասել է նա։
Հանդիպմանը մասնակցած հինգ հարազատներից մյուս երկուսի հետ զրուցել չի հաջողվել։ Էդիկ Հարությունյանը, սակայն, ասել է, որ բոլորն էլ առանձնակի ոգևորությամբ չեն ընդունել գործում նոր անհատական դատախազների և քննիչների ներգրավվելու փաստը։
‘