‘«Մարտի 1» հ/կ համակարգող. Լավ է, որ մարդիկ մտահոգվում են, բայց որեւէ նոր տեսանյութ չի հրապարակվել’

1445

Երեկվանից քաղաքացի Հայկ Մարգարյանը YouTube-ի իր ալիքում հրապարակում է մարտի մեկի վերաբերյալ մինչ այժմ չհրապարակված կադրեր, որոնք նաեւ տեղ են գտել մի շարք կայքերում: «Մարտի 1» հ/կ համակարգող Առաքել Սեմիրջյանը, iLur.am-ի հետ զրույցում մեկնաբանելով հրապարակված տեսանյութները՝ նշեց.

«Որեւէ նորություն այդ տեսանյութերում չկա եւ չէր էլ կարող լինել: Եթե լիներ, շատ շնորհակալ կլինեինք: Ուղղակի մարդիկ փորձում են նորից մարտի մեկի հարցը բարձրացնել, ինչի համար շնորհակալ ենք, իհարկե, լավ կլիներ, որ նորություններ ներկայացնեին եւ ոչ թե հին փաստերը նոր՝ մինչ այժմ չհրապարակված փաստերի տեղ ներկայացնեին եւ դրանով ջուր պղտորեին: Եթե մարդիկ մտահոգ են, ուրախ ենք մտահոգության համար: Ըստ իս՝ կայքեր են, ովքեր ցանկանում են մուտքեր ապահովել, բայց եթե հնարավոր է, ապա լավ կլիներ, որ իրենք էլ մի քիչ ջանք գործադրեին եւ նոր փաստեր գտնեին, եւ ոչ թե ուրիշի կողմից նախկինում հրապարակած կադրերը ներկայացնեին որպես նորություն: Ավելին, դրանք Հայ ազգային կոնգրեսի հայթայթած փաստերն են, որոնք վաղուց հրապարակվել են Կոնգրեսի ջանքերի շնորհիվ: Հայաստանում, բացի Կոնգրեսից, որեւէ այլ կառույց որեւէ փաստ մինչ այժմ չի ներկայացրել մարտի մեկի վերաբերյալ»:  

Սեմիրջյանը նաեւ հավելեց, որ, միեւնույն է՝ մարտի մեկի թեման անընդհատ տաք պահելը օգնում է, որպեսզի մարտի մեկի պատասխանատուները զգան հասարակության շունչը եւ իմանան, որ չեն խուսափելու պատասխանատվությունից:

 

Նախորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Վճռաբեկի մերժումից հետո Կոնգրեսի երիտասարդները կդիմեն Եվրադատարան’