‘
2013 թ. մարտ ամիսը ճանաչվել է սիրիական հակամարտության ամենաարյունալի շրջանը: Նման եզրակացության է հանգել Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպությունը, որը տեղակայված է Լոնդոնում և հետևում է Սիրիայում Բաշար Ասադի ռեժիմի կողմնակիցների և ընդդիմադիր բանակի զինված բախումների համատեքստում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերին: Հակամարտող կողմերի միջև բախումների հետևանքով առաջացած զոհերի մասին զեկույցը հրապարակվել է կազմակերպության ֆեյսբուքյան էջում, գրում է Lenta-ն:
Իրավապաշտպանների տվյալներով՝ միայն մարտ ամսվա ընթացքում Սիրիայում 6005 մարդ է սպանվել: Այս թիվը գերազանցում է հակամարտության առաջին 10 ամսվա ցուցանիշները՝ միասին վերցրած:
Նախորդ ամսվա ընթացքում զոհվածների մեծ մասը խաղաղ քաղաքացիներ են: Շուրջ 6000 զոհերի գրեթե 1/3-ը հասարակ սիրիացիներ են, որոնցից մոտավորապես 300-ը՝ կանայք և երեխաներ: Զոհերից 600-ի ինքնությունն առայժմ պարզ չէ:
‘