‘Մարտ ամսվա որոշ օրերի օդի ջերմաստիճանը Երևանում կբարձրանա մինչև +23 աստիճան’

845

Մարտ ամսին Հայաստանում օդի ջերմաստիճանը 1-2 աստիճանով բարձր կլինի նորմայից: Հաղորդել է Հայհիդրոմետ կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը այսօր կայացած մամուլի ասուլիսում:

Մարտին օդի միջին ջերմաստիճանը Երևանում կկազմի +5-ից մինչև +7 աստիճան (նորմա է համարվում 5.4 աստիճանը): Առանձին օրերի հնարավոր է ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 3-4 աստիճան 0-ից ցածր, իսկ ամսվա երկրորդ կեսին որոշ օրերի հնարավոր է ցերեկային ջերմաստիճանի բարձրացում մինչև +23 աստիճան: Արարատյան հարթավայրում օդի ջերմաստիճանը կլինի 1-2 աստիճանով նորմայից բարձր:

Պետրոսյանի խոսքով, գարնան առաջին ամսվա ընթացքում հանրապետությունում տեղումները նույնպես կգերազանցեն միջին ամսական նորման: Միևնույն ժամանակ, 2015 թվականի մարտը չի գերազանցի 2014 թվականի մարտի ջերմաստիճանի ռեկորդները, երբ օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով գերազանցել էր ամսական միջին նորման:

Փետրվարի 26-27-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Նշված ժամակահատվածում, ինչպես նաև մարտի 1-ի գիշերն օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով:

Փետրվարի 26-28-ը օդի ջերմաստիճանը Երևանում կկազմի 13-15 աստիճան:

Պետրոսյանը նշել է, որ Հայաստանում ցրտահարության վտանգը պահպանվում է մինչև ապրիլի 10-ը, այդպիսով` հնարավոր սառնամանիքները կարող են ճակատագրական դեր խաղալ:

 

Նախորդ հոդվածը‘Զուրաբյանն ԱԺ-ում բարձրացրեց հեռուստատեսությամբ ընդդիմության ներկայացվածության հարցը ‘
Հաջորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’