‘
Նախկին ԽՍՀՄ երկրների շարքում սպառողական գների աճի տեմպերով Հայաստանը 3,5% ցուցանիշով հայտնվել է «առաջատար» եռյակում: Ըստ բելառուսական Finatica.byկայքի՝ետխորհրդային տարածքում ամենամեծ գնաճը 2013թ. հունվար-օգոստոս ամիսներին գրանցվել է Բելառուսում՝ 8,2 տոկոս: Երկրորդ տեղում Ռուսաստանն է՝ 4,5%, չորրորդում՝ Ղազախստանը՝ 3,1% գնաճով:
Նկատենք, որ բոլոր «առաջատարները» միավորված են կամ պատրաստվում եմ միավորվել Մաքսային միության կազմի մեջ:
Միեւնույն ժամանակ, Եվրամիության հետ ասոցացման ձգտող երկրներից Մոլդովայում հաշվետու ժամանակահատվածում գնաճը կազմել է 1,1 տոկոս, իսկ Ուկրաինայում եւ Վրաստանում նկատվել է գների նվազում՝ համապատասխանաբար 0,6 եւ 0,9 տոկոսով: Գները 0,6 տոկոսով նվազել են նաեւ արդեն շուրջ 10 տարուց ի վեր Եվրամիությանն անդամակցած Լատվիայում: Մերձբալթյան Էստոնիայում գներն աճել են 2,5, Լիտվայում՝ 0,1 տոկոսով:
Հարեւան Ադրբեջանը 0,1 տոկոս գնաճով տեղ է զբաղեցրել ցուցակի միջին հորիզոնականներում, իսկ դեֆլյացիայի ցուցանիշով ռեկորդը սահմանել է Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի չեզոք Թուրքմենստանը. այստեղ նախորդ ութ ամիսների ընթացքում սպառողական գները նվազել են 1,7 տոկոսոով:
‘