Ֆրանսիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ազգային միության վարկածով Ֆրանսիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Կիլիան Մբապեն հայտնել է, որ գրեթե կատարել է ընտրությունը։ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 23-ամյա հարձակվողը մինչեւ ազգային թիմի մարզումային հավաքի մեկնարկը՝ մայիսի 28-ը, կհայտնի, թե որտեղ է շարունակելու կարիերան։
«Ապագայիս վերաբերյալ կարող եմ ասել, որ գրեթե կատարել եմ ընտրությունս։ Մինչեւ Ֆրանսիայի հավաքականի հաջորդ հավաքը կհայտնեմ իմ ապագայի մասին»,- Մբապեի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։ Մբապեն բանակցում է Մադրիդի «Ռեալի» եւ ՊՍԺ-ի հետ։
Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի հետ մասնակցել է 45 հանդիպման, խփել 36 գոլ, կատարել 26 գոլային փոխանցում։