‘
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը շնորհակալություն է հայտնել Չելսի Քլինթոնին՝ Բիլ և Հիլարի Քլինթոնների դստերը, այն բանի համար, որ նա հանդես է եկել ի պաշտպանություն նախագահական զույգի որդու՝ Բեռոն Թրամփի:
«Շնորհակալ եմ, Չելսի Քլինթոն, այնքան կարևոր է աջակցել մեր բոլոր երեխաներին, որպեսզի նրանք կարողանան հավատարիմ մնալ իրենք իրենց»,- twitter-ում գրել է ԱՄՆ առաջին տիկինը:
Ավելի վաղ The Daily Caller-ը քննադատել է Բեռոն Թրամփի ատաքին տեսքը: Օրինակ՝ պարբերականի հեղինակներից մեկը հայտարարել է, թե արժե, որ ամերիկյան նախագահի որդին մի քիչ ավելի պատշաճ հագնվի, ինչպես դա անում են նրա ծնողները:
Քննադատության առիթ է դարձել մի լուսանկար, որում ընտանիքն իջնում է ինքնաթիռից, և կրտսեր Թրամփը կարմիր շապիկով և սպիտակ շորտով է:
«Մամուլը և մյուս բոլորը պետք է հանգիստ թողնեն Բեռոն Թրամփին և նրան հնարավորություն տան մասնավոր մանկություն ունենալու, ինչին նա արժանի է: Բեռոնը երեխա է: Ոչ մի երեխայի մասին չի կարելի խոսել այդպես, լինի դա իրական կյանքում, թե համացանցում: Իսկ մեծ մարդու դեպքում դա ամոթ է»,- գրել է երկու երեխաների մայր Չելսի Քլինթոնը:
Փոխանցում է Interfax-ը:
‘