‘Մեխիկոյի քաղաքապետարանը որոշել է հանել Ալիևի արձանը քաղաքի կենտրոնական զբոսայգուց’

614

Մեխիկոյի քաղաքապետարանը հունվարի 22-ին հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որում վերջնական որոշում է կայացվել Հեյդար Ալիևի արձանը հանել քաղաքի կենտրոնական Paseo de la Reforma զբոսայգուց և այն տեղափոխել որևէ մասնավոր տարածք: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը» ` վկայակոչելով մեքսիկական լրատվամիջոցները, քաղաքապետարանը հայտարարել է նաև, որ որոշվել է փոխել Մեխիկոյի մեկ այլ Tlaxcoaque կոչվող հրապարակում տեղակայված «Խոջալուի» հուշահամալիրի ցուցանակի և բուն հուշահամալիրի վրա գրված տեքստը՝ այնտեղից հանելով ցեղասպանություն բառը:

2012թ-ի օգոստոսի սկզբին Մեխիկոյի կենտրոնական այգիներից մեկում տեղադրվել էր Հեյդար Ալիևի արձանը, որը զարմանք է առաջացրել քաղաքի բնակիչների մոտ: Արձանը Մեխիկոյում տեղադրելու համար Ադրբեջանը 5 մլն դոլար է ծախսել երկու այգիների վերկառուցման վրա: Մեխիկոյի բնակիչները մի քանի բողոքի ակցիաներ են անցկացրել` իշխանություններից պահանջելով հանել բռնապետի արձանը: Չնայած նախկին քաղաքապետի կողմից ստեղծված հանձնաժողովի դրական որոշմանը` Մեխիկոյի նախորդ վարչակազմը և քաղաքապետը թողել էին իրենց պաշտոններն առանց գործնականում լուծում տալու հուշարձանների խնդրին: Բնականաբար, մեծ էր ճնշումը նոր քաղաքապետի վրա ադրբեջանական կողմից՝ չենթարկվելու հանձնաժողովի որոշմանը: Մասնավորապես, Մեքսիկայում Ադրբեջանի դեսպանը դատական հայց էր ներկայացրել Մեխիկոյի քաղաքապետարանի դեմ: Դատական գործընթացում պարտվելուց հետո վերջինս սպառնացել էր խզել դիվանագիտական կապերը Մեքսիկայի հետ, փակել դեսպանությունը և դիմել միջազգային դատարան: Ադրբեջանի դեսպանի գործողություններին անդրադարձել էր Մեխիկոյի քաղաքապետարանի հատուկ հանձնաժողովի երեք անդամներից մեկը՝ Գաբրիել Գուեռան, ով նշել էր, որ ադրբեջանական կողմի այդօրինակ պահվածքը կարող է վերջնականապես փչացնել ադրբեջանա-մեքսիկական հարաբերությունները, իսկ դեսպանը բռնել է Մեքսիկայում անցանկանալի անձ (persona non-grata) հայտատարվելու ճանապարհը:

Մեքսիկական մի շարք առաջատար լրատվամիջոցներ դեկտեմբեր-հունվար ամիսներին հերթական ծավալուն անդրադարձերն են կատարել հուշահամալիրների խնդրին: Հունվարի 20-ին Հեյդարի Ալիևի արձանի դիմաց մարդու իրավունքների հարցերով մեքսիկացի հիսունից ավելի ակտիվիստներ՝ մարդու իրավունքների հանրահայտ պաշտպաններ Դանիել Գերշենսոնի և Հոմերո Արիդյիսի գլխավորությամբ բողոքի ցույց են կազմակերպել ընդդեմ Խոջալուի հուշահամալիրի և Ալիևի արձանի:

Մեխիկոյի դաշնային շրջանի մարդու իրավունքների հանձնաժողովը հունվարի 20-ին քննարկել էր Ադրբեջանի նախկին նախագահի հուշարձանը հանելու հարցը, որի որոշմամբ` քաղաքի բանուկ մասում առանց Մեխիկոյի բնակիչների համաձայնության հուշարձանի տեղադրումը հակասում է մարդու իրավունքներին: Ընդգծվել է, որ հուշարձանի պահպանումը հակասում է մարդու իրավունքներին և բռնության զոհ դարձածների հիշատակի հարգմանը:

Նախորդ հոդվածը‘Մերկասառույցը՝ մեծ թվով մեքենաների բախման պատճառ’
Հաջորդ հոդվածը‘«Յուվենտուսը» նորից չհաղթեց Մարկետիին’